Եվրոպական Միության "HEN-GEAR" ծրագրին մասնակցում են Հայաստանի /ՀՀ/ ութ համալսարանների, Կրթության և գիտության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, Որակի ապահովման ազգային կենտրոնի, ՀՀ ուսանողների ազգային ասոցիացիայի, ՀՀ արդյունաբերողների և գործարարների միության, ինչպես նաև Իտալիայի AlmaLaurea համալսարանների կոնսորցիումի ներկայացուցիչներ:
2013 թվականի հունվարի 9-ից 11-ը Բոլոնիայում տեղի ունեցավ մասնակից համալսարանների, կազմակերպությունների և AlmaLaurea համալսարանների կոնսորցիումի համատեղ աշխատանքային առաջին հանդիպումը:
Այս Ծրագրի հիմնական նպատակն է ստեղծել համագործակցության ցանց համալսարանների և գործատուների միջև, դրանով ավելի արդյունավետ ու մատչելի դարձնելով բուհերի շրջանավարտների մուտքն աշխատանքային շուկա:
Նշված Ծրագիրը, որի տևողությունը երեք տարի է լինելու, ֆինանսավորվում է Եվրոպական Միության Տեմպուս ծրագրի կողմից:
Ծրագրի ավարտին նախատեսվում է AlmaLaurea համալսարանների կոնսորցիումի օրինակով Հայաստանում ստեղծել համագործակցության մի ցանց և տվյալների բազա, որտեղ կտեղադրվեն շրջանավարտների ինքնակենսագրական տվյալները: Դա կնպաստի, որ հասցեական արագ ու առցանց կապ հաստատվի գործատուի և շրջանավարտի միջև: Սա նաև հնարավորություն կտա իրականացնելու շրջանավարտների աշխատանքային կարիերայի մշտադիտարկում:
Իտալիայի AlmaLaurea համալսարանների կոնսորցիումը հանձն է առնում փոխանցելու իր փորձը և հմտությունները հայ գործընկերներին:
Եռօրյա աշխատանքային հանդիպման ավարտին մասնակիցներին ընդունեց և հաջողություններ ցանկացավ Բոլոնիայի համալսարանի ռեկտոր Իվանո Դիոնիջին: