ՈԱԱԿ-ում շարունակվում են հանդիպումները ոլորտի պատասխանատուների հետ. հունիսի 17-ին կենտրոնի հյուրն էր Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի (ՄԿՈՒԶԱԿ) տնօրեն Սամվել Պիպոյանը: Նա ներկայացրեց նախնական և միջին մասնագիտական կրթության բարեփոխումների հիմնական ուղղությունները, որոնց իրականացմանն է ուղղված ՄԿՈՒԶԱԿ գործունեությունը: Դրանք են՝ պետական կրթական չափորոշիչների և առարկայական ծրագրերի մշակումը, դասախոսական անձնակազմի վերապատրաստումը, միջազգային զարգացման ինտեգրումը: Նա նաև տեղեկացրեց, որ իրենք այսօր մշակում են շուրջ 10.000 զբաղմունքների դասակարգիչները։ Ըստ Ս. Պիպոյանի, դա կօգնի առավել հստակ պատկերացնել Հայաստանի ՄԿՈՒ ոլորտն ու պահանջարկ ունեցող մասնագիտությունները:
Հյուրն անդրադարձավ նաև ոլորտի խնդիրներին: Ըստ նրա, հիմնական խնդիրներից մեկը որակավորումների ազգային շրջանակի բացակայությունն է, սակայն Ս. Պիպոյանն այս հարցում լավատես է և հուսով է, որ Հայաստանում շուտով կմշակվի ՈԱՇ: Դա բարդ գործընթաց է. ԵՄ-ն որակավորումների շրջանակ մշակել և ընդունել է միայն 2008 թվականի ապրիլի 23-ին: Ըստ Սամվել Պիպոյանի, ՄԿՈՒ ոլորտի բարեփոխումներում էլ անհրաժեշտ է ուշադրությունն ուղղորդել դեպի կրթության ավարտական փուլը՝ արդեն աշխատաշուկա մտնող մասնագետների որակը վերահսկելու համար։ Դրա համար պետք է վերանայել պետական քննությունների կազմակերպման կարգը՝ գործընթացում ներգրավելով ինչպես գործատուների, այնպես էլ ոլորտի պատասխանատու կառույցներին, ինչպիսին ՈԱԱԿ-ն է։ Որպես առաջընթաց` պրն Պիպոյանը նշեց 2009 թվականին ՄԿՈՒ ոլորտի զարգացման հայեցակարգի մշակումն ու ընդունումը:
Հիմնական խնդիրներից է նաև այն, որ մեր երկրում արհմիությունները և մասնագիտական միավորումները` որպես այդպիսին, հիմնականում, կայացած չեն ու ակտիվություն չեն ցուցաբերում կրթական գործընթացներում: Հանդիպման ընթացքում հյուրը ներկայացրեց նաև ՄԿՈՒ ոլորտի միջազգային փորձը։
«Անելիքները շատ են, և հանուն որակյալ կրթության բոլոր կառույցները պետք է համագործակցեն, քանի որ նպատակը մեկն է` մեր երկրում ունենալ որակյալ, միջազգային չափանիշներին համապատասխանող կրթություն»,- ասաց Ս. Պիպոյանը։ Հյուրը ՈԱԱԿ-ին մասնավորապես առաջարկեց համագործակցել նախ և առաջ ոլորտը կարգավորող նորմատիվ փաստաթղթերի մշակման գործում՝ համադրելով երկու կենտրոնների մասնագիտական ներուժը։