Փետրվարի 28-ին ՈԱԱԿ-ում մեկնարկեց «Ուսանողության ձայն» նախագծի ուսանող-փորձագետների պատրաստման հերթական դասընթացը, որին մասնակցում են 26 ուսանողներ հայաստանյան բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններից։
Դասընթացի սկզբում մասնակիցները ներկայացրին իրենց պատկերացումները որակյալ կրթության վերաբերյալ։ Կարևորվեց, որ կրթությունն ապահովի աշխատաշուկայում մրցունակ հմտությունների ձեռքբերում և մասնագիտական առաջընթացի հնարավորություններ։
«Ուսանողության ձայն» նախագծի համակարգող Մերի Բարսեղյանն ուսանողներին ներկայացրեց դասընթացի ծրագիրը, ինչպես նաև հավատարմագրման գործընթացի նպատակները և էությունը՝ ընդգծելով, որ․
- ՈԱԱԿ-ը Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի (ENQA) անդամ է, և նրա շնորհած հավատարմագրումները ճանաչելի են եվրոպական կրթական տարածքում,
- Հայաստանում հավատարմագրման պետական չափանիշները համահունչ են միջազգային չափանիշներին և հիմնված են միջազգային ուղենիշների վրա։
Ընդգծվեց, որ հավատարմագրման փորձագիտական խմբում ուսանողը լիարժեք անդամ է և ունի հավասարազոր լիազորություններ։
Դասընթացի շրջանակներում ուսանողները կծանոթանան ուսանող-փորձագետի գործունեության առանձնահատկություններին, ինստիտուցիոնալ հավատարմագրման չափանիշներին և չափորոշիչներին, ոլորտը կարգավորող օրենսդրությանը և փաստաթղթերին։ Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցները կստանան վկայական, կընդգրկվեն ուսանող-փորձագետների բազայում և հետագայում կմասնակցեն ուսումնական հաստատությունների հավատարմագրման գործընթացին փորձագիտական խմբի կազմում։