Այսօր ՈԱԱԿ-ի հայտարարած կրթության որակի ապահովման շաբաթվա շրջանակներում ԵՊԼՀ-ում տեղի ունեցավ «Տեմպուս»-ի ALIGN, ARMENQA, TNE-QA ծրագրերի ձեռքբերումների ու մարտահրավերների քննարկումը:
Ներկաներին ողջույնի խոսք հղեցին ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը, ԵՊԼՀ ռեկտոր Գայանե Գասպարյանը, «Էրազմուս + » ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան:
ՀՊՄՀ ներկայացուցիչ Քրիստինա Ծատուրյանը ներկայացրեց ARMENQA եռամյա ծրագիրը, որի նպատակն է նպաստել որակավորումների ազգային շրջանակի (ՈԱՇ) բարեփոխումներին՝ ապահովելով հայաստանյան որակավորումների ճանաչելիությունը արտերկրում և դյուրինացնել շրջանավարտների շարժունությունը: Ծրագրի տեղական համակարգողներն են ԵՊՀ-ն և ՀՊՄՀ-ն:
ԵՊԼՀ ներկայացուցիչ Քրիստինե Սողիկյանը խոսեց ALIGN ծրագրի նպատակների ու ձեռքբերումների մասին: 2014-ի հունվարից մեկնարկած այս եռամյա ծրագիրը կոչված է բուհերի հետ մշակել կրթական ծրագրերի՝ ՈԱՇ-ին համապատասխանության ապահովման մեխանիզմներ:
Զեկույցով հանդես եկավ նաև Բելգիայի Լյուվենի համալսարանի ներկայացուցիչ Անդրե Գովարտը: Նա խոսեց վերջնարդյունքների և կրթական ծրագրերի իրականացման համապատասխանության թեմայով:
Անդրադարձ կատարվեց նաև ՀՀ-ում անդրազգային կրթության որակի ապահովմանը (TNE-QA), վերջնարդյունքների տեսակետից կրթական ծրագրերի վերանայմանը, քննարկվեցին ՈԱՇ-ի և մասնագիտական կրթական ծրագրերի (ՄԿԾ) համապատասխանությունն ապահովող ուղենիշները:
Կրթության որակի ապահովման շաբաթվա շրջանակներում դեկտեմբերի 3-ին կամփոփվեն «ՀՀ մասնագիտական կրթության որակի ապահովման համակարգերի մշակում և բարելավում» թեմայով եռափուլ վերապատրաստումների արդյունքները: Իսկ դեկտեմբերի 4-5-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում (ՀԱՀ) տեղի կունենա «Որակի մշակույթի ամրապնդումը ՀՀ մասնագիտական կրթական համակարգում. որակավորումների ճանաչման ապահովումը» շահակիցների երրորդ համաժողովը:
«Որակի մշակույթի ամրապնդումը ՀՀ մասնագիտական կրթական համակարգում. որակավորումների ճանաչման ապահովումը» համաժողովի իրականացմանն աջակցում են Հայաստանի ամերիկյան համալսարանը, Երևանի «Հայբուսակ» համալսարանը, Սբ. Թերեզայի անվան բժշկական համալսարանը, «Տեմպուս»-ի ARARAT, ALIGN, և TNE-QA ծրագրերը:
«Որակի ապահովման շաբաթի» ինֆորմացիոն հովանավորներն են Հանրային ռադիոն, «Առավոտ» օրաթերթը և «Անկախ» շաբաթաթերթը:
Որակի ապահովման շաբաթի մասին մանրամասների համար կարող եք այցելել www.anqa.am/qweek կայքէջ: