Սեպտեմբերի 26-27-ին Չեչնիայի պետական համալսարանում տեղի ունեցավ «Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական և ռուսական չափանիշները. ինտեգրացիայի ճանապարհին» խորագրով միջազգային համաժողովը, որին մասնակցում էր նաև Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի Ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման բաժնի ղեկավար Անուշավան Մակարյանը:
Համաժողովի ընթացքում պարոն Մակարյանը զեկույց է ներկայացրել «Կրթության որակի ապահովման մոտեցումները եվրոպական երկրներում. Հայաստանի օրինակը» թեմայով:
Միջոցառման ընթացքում ներկայացվել է նաև կրթության որակի ապահովման ռուսական և մոլդովական փորձը: Անդրադարձ է կատարվել ուսանողների մասնակցությանը կրթության որակի ապահովման գործընթացներին, փորձաքննության ժամանակ կիրառվող գնահատման մեթոդաբանությանը, ինքնավերլուծությունում ու բաց աղբյուրներում առկա ինֆորմացիայի կիրառմանը փորձաքննության ընթացքում:
Համաժողովի մասնակիցները քննարկել են նաև բուհերի ծրագրային հավատարմագրման միջազգային փորձը, արտաքին գնահատումների համար փորձագետների կարողությունների զարգացումը և այլն: