21 հունիս․ Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը մասնագիտական կրթական ծրագրերի առցանց մշտադիտարկում իրականացրեց Գորիսի պետական համալսարանում։ Համալսարանն անցել է 2 ինստիտուցիոնալ հավատարմագրում, վերջինը՝ 2021 թվականին։
Մշտադիտարկման ընթացքում բուհի ներքին շահակիցների հետ քննարկվել են Բարելավման պլանի իրականացման արդյունքները և առկա մարտահրավերները հաղթահարելու հնարավորությունները։ Մշտադիտարկող խմբի կողմից դիտարկվել է համալսարանի՝ կրթական ծրագրերի վերանայման և բարելավման փորձը՝ «Տնտեսագիտություն» կրթական ծրագրի օրինակով։ Արդյունքում՝ առցանց հանդիպումներ են տեղի ունեցել բուհի ղեկավար կազմի, կրթական ծրագրի պատասխանատուի, դասախոսական կազմի, ուսանողների, ինչպես նաև՝ Որակի ապահովման կենտրոնի ներկայացուցիչների հետ։
Ինչպե՞ս և ինչու՞ պետք է բուհի կրթական ծրագրերը համապատասխանեցնել տարածաշրջանի կարիքներին, որո՞նք են կրթական ծրագրերի բենչմարքինգի իրականացման սկզբունքները, ինչպե՞ս ուսանողներին նախապատրաստել մասնագիտական պրակտիկային և մասնագիտական աշխատանքին։
Ի թիվս վերոնշյալ հարցերի քննարկվել են նաև․
- Աշխատաշուկայի կարիքները բավարարող շրջանավարտների թողարկումը, որոնց ուսումնառությունը պետք է լինի վերջնարդյունահենք և գործնական հմտություններ ձևավորող։
- Դասախոսական աշխատանքի պլանավորման անհրաժեշտությունը և յուրաքանչյուր դասի պլանավորումը, որով դասախոսը հստակեցնում է՝ դասի վերջում ուսանողը ինչ կիմանա և ինչ կկարողանա անել, ինչպես է յուրաքանչյուր դասը նպաստում կրթական ծրագրում առկա վերջնարդյունքների ձեռքբերմանը։
- Գործատուների հետ համագործակցության առավելությունները՝ ինչպես դասավանդման գործընթացում ներառելու, այնպես էլ համագործակցությամբ կրթական ծրագրերը բարելավելու տեսանկյունից, որի ընթացքում գործատուն կներկայացնի մասնագետի հստակ կերպար, իսկ ուսումնական հաստատության խնդիրը կլինի տրամադրել այդ կերպարին համապատասխան մասնագիտական մտածելակերպով շրջանավարտներ։
- Տեսական գիտելիքների և գործնական հմտությունների գնահատման մեխանիզմները, ուսանողների ծանրաբեռնվածության պլանավորումը և կրեդիտների բաշխումը։
- Ուսանողների՝ մասնագիտական պրակտիկային և աշխատանքին նախապատրաստելու անհրաժեշտությունը և ձևաչափերը, որոնք կօգնեն ուսանողներին ավելի լավ պատկերացում կազմել մասնագիտության, մասնագիտական աշխատանք գտնելու հարթակների և հնարավորությունների, ինչպես նաև աշխատանքին դիմելու սկզբունքների մասին։
Մշտադիտարկման ավարտին հաստատության ղեկավար կազմի հետ հանդիպման ընթացքում ամփոփվել են մշտադիտարկման հիմնական արդյունքները և բարելավման ենթակա ուղղությունները։