Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնում այսօր տեղի ունեցավ հանդիպում Երևանի Վ․ Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի կրթության կառավարման բաժնի ուսանողների հետ։
Հանդիպման ընթացքում ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը կրթության ապագա կառավարիչների հետ քննարկեց մասնագիտական կրթության հիմնախնդիրները․ որո՞նք են մասնագիտական կրթության բացերը, որքանո՞վ է բուհի շրջանավարտը պատրաստի մասնագետ և աշխատուժ, ինչպիսի՞ կարողություններով և հմտություններով մասնագետներ է պահանջում աշխատաշուկան։ Անդրադարձ կատարվեց նաև մասնագիտական կողմնորոշման խնդիրներին, ուսանողները ներկայացրեցին իրենց մասնագիտական հետաքրքրությունները և ավարտական աշխատանքների թեմաները, ապագայի տեսլականը կարիերայի տեսանկյունից։
ԵՊԼՀ ուսանողներին ներկայացվեց նաև ՈԱԱԿ գործունեությունը, որակի ապահովման գործընթացները մասնագիտական ուսումնական հաստատություններում, «Ուսանողության ձայն» նախագիծը, ուսանող-փորձագետների համար իրականացվող վերապատրաստումները, Հիմնադրամի կադրային քաղաքականությունը և կառույցի հետ համագործակցության ուղիները։
Նման հանդիպումները պարբերական բնութ են կրում։ Նպատակն է հասկանալ կրթության ապագա կառավարիչներին հուզող հարցերը, առկա խնդիրների լուծման նրանց մոտեցումները, ինչպես նաև լավագույններին ՈԱԱԿ-ում մասնագիտական զարգացման հնարավորություն ընձեռել։