Հայաստանի ազգային ագրարային համալսարանում տեղի ունեցած մշտադիտարկումը նպատակ ուներ պարզելու՝ հավատարմագրումից հետո որքանո՞վ է բուհը բարելավել կրթության կազմակերպման և որակի ապահովման գործընթացը, ինչպիսի՞ փոփոխություններ են եղել համաձայն թերությունների վերացման ծրագրի, ի՞նչ քայլեր են իրականացվել ռեսուրսների ապահովման, լաբորատոր միջավայրների ստեղծման և բարելավման ուղղությամբ։
Ներքին շահակիցների հետ հանդիպումների ընթացքում քննարկվեցին.
- ՄԿԾ-ի վերանայման ընթացքը և արդյունքները,
- ռեսուրսներ-դասավանդման մեթոդներ-գնահատում կապը,
- գործատուների հետ համագործակցության ձևաչափերը, հնարավորությունները և արդյունքները,
- պրոֆեսորադասախոսական կազմի վերապատրաստման և խրախուսման եղանակները,
- ներդրված նոր մագիստրոսական ծրագրերի համապատասխանությունը աշխատաշուկայի պահանջներին,
- բուհի ռեսուրսների, լաբորատոր պայմանների, հետազոտական կենտրոնների բարելավումը:
Մշտադիտարկման առանցքում էին «Ագրոնոմիա, սելեկցիա և գենետիկա» և «Անասնաբուժություն» մասնագիտական կրթական ծրագրերը։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՄԿԾ-ի վերանայման մեխանիզմները, պրոֆեսորադասախոսական կազմի վերապատրաստումները, ուսանողների ՝ կրթական ծրագրերից գոհունակության մակարդակը։
Հայաստանի ազգային ագրարային համալսարան այցի ընթացքում ՈԱԱԿ մշտադիտարկող հանձնախումբը հանդիպումներ ունեցավ համալսարանի ռեկտորի և պրոռեկտորների, կրթական ծրագրերի պատասխանատուների, վերոնշյալ երկու ծրագրերի պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողների հետ, ինչպես նաև բուհի որակի գնահատման և ապահովման կենտրոնի ներկայացուցիչների հետ։
Այցի ընթացքում ՈԱԱԿ մշտադիտարկման խումբը դիտարկեց նաև բուհի ռեսուրսները, ծանոթացավ արդիականացված լաբորատոր պայմաններին, դիտարկեց ուսանողների աշխատանքը լաբորատորիաներում։
Մշտադիտարկման ավարտին հաստատության ղեկավար կազմի հետ ամփոփիչ հանդիպման ընթացքում ամփոփվեցին հանդիպումների արդյունքները, քննարկվեցին բարելավման հետագա ուղղությունները:
Նշենք, որ ՈԱԱԿ մշտադիտարկումների առանցքում մասնագիտական կրթական ծրագրերն են, որը պայմանավորված է առաջիկայում սպասվող ծրագրային հավատարմագրումներով։ Փորձագետների և բուհերի ներկայացուցիչների համատեղ աշխատանքի արդյունքում փորձ է արվում մասնագիտական քննարկումներ ծավալել ՄԿԾ-ի բարելավման ուղղությամբ, վեր հանել բարելավման ենթակա ուղղությունները կրթական ծրագրերում և նախապատրաստել բուհերին սպասվող հավատարմագրումներին։