Արցախի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար տիկին Հասմիկ Մինասյանի հրավերով Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) աշխատաժողովներ է իրականացնում Արցախի պետական համալսարանում: Արցախում գործող չորս բուհերի՝ Արցախի պետական, Շուշիի տեխնոլոգիական, Մեսրոպ Մաշտոց և Գրիգոր Ներեկացի համալսարանների ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում քննարկվեցին.
- ծրագրային հավատարմագրման առանձնահատկությունները,
- ինքնավերլուծության դերը՝ հավաստելու կրթական ծրագրերի իրականացման լավ փորձը, դուրս բերելու խորքային խնդիրները,
- կրթական ծրագրերի պլանավորման և վերջնարդյունքների ձեռքբերման ընթացքը,
- ուսանողներին տրվող ընթացիկ առաջադրանքների, գնահատման և հետադարձ կապի կարևորությունը ակնկալվող արդյունքներին հասնելու համար,
- ԱՀ-ում դասախոսների ընտրության մարտահրավերները և նորարական լուծումներ փնտրելը:
Աշխատաժողովների առանցքում էին նաև կրթական ծրագրերի որակի ապահովման գործընթացները: Քննարկումների ընթացքում ներկայացվեցին ծրագրային հավատարմագրման չափանիշների մեկնաբանման, դրանց վերլուծության առանձնահատկությունները: Մասնակիցները կիսվեցին կրթական ծրագրերում բարելավումների իրենց օրինակներով, առկա մարտահրավերներով, որոնք հաղթահարելուն ուղղված գործընթացների հստակ պլանավորումը կհանգեցնի սահմանված նպատակների իրագործմանը:
Արցախ այցելությունը կամփոփվի Արցախի պետական համալսարանի կրթական ծրագրերի մշտադիտարկմամբ:
Նշենք, որ Արցախում աշխատաժողովներին մասնակից բոլոր բուհերն անցել են ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթաց, որոնց մասնամասներին կարելի է ծանոթանալ Հավատարմագրման պետական գրանցամատյանում՝ register.anqa.am: