Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը, կարևորելով բարձրագույն ուսումնական հաստատությունների որակի ապահովման կառույցների հետ շարունակական համագործակցությունը, Zoom հարթակում կազմակերպում է որակի ներքին ապահովման պատասխանատուների հետ հանդիպումներ՝ քննարկելու մասնագիտական կրթական ծրագրերի որակի ապահովման և բարելավման գործընթացները:
Մայիսի 19-24 ընկած ժամանակահատվածում իրականացված հանդիպումների ընթացքում քննարկվեցին որակի ապահովման ներքին կառույցի դերի, այդ դերի վերաբերյալ բուհական կառավարման համակարգի և շահակիցների ընկալման հարցերը: Քննարկման առանցքում էր նաև ուսումնական հաստատությունում մասնագիտական կրթական ծրագրերի որակի ապահովման և բարելավման գործընթացների պատասխանատվությունը:
Քննարկման արդյունքում կարևորվեց, որ այս փուլում լավ հնարավորություն կարող է լինել բուհերում կրթական ծրագրերի փորձնական գնահատումը, որը կհանգեցնի ներքին կարողությունների զարգացմանը և բարեփոխումների խմբերի ձևավորմանը: Շեշտադրվեց նաև որակի ապահովման ներքին կառույցներին զուգահեռ բարեփոխումների կենտրոնների ստեղծման անհրաժեշտությունը՝ խթանելու դասախոսական կազմի մասնագիտական զարգացումը:
Առաջիկա հանդիպումներում բուհերի որակի ապահովման պատասխանատուները կկիսվեն կրթական ծրագրերի բարելավման լավ փորձի օրինակներով, կքննարկվեն նաև կրթական ծրագրերի ինքնագնահատման ձևաչափերը: