Ծրագրային հավատարմագրման մեկնարկին ընդառաջ դեկտեմբերի 2-ին Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը կրթական ծրագրերի մշտադիտարկում իրականացրեց Արցախի պետական համալսարանում: Մշտադիտարկման շրջանակում հանդիպումներ տեղի ունեցան կրթական ծրագրերի պատասխանատուների, դասախոսական կազմի, ուսանողների և որակի ապահովման պատասխանատուների հետ: Այցի ընթացքում դիտարկվել են նախորդ հավատարմագրումից հետո բուհի կրթական ծրագրերում տեղի ունեցած փոփոխությունները, ծրագրերի բարեփոխման նպատակով բուհի բարելավման ծրագրում նախատեսված դրույթները:
Մշտադիտարկման առանցքային քննարկման թեմաներն էին.
- կրթական ծրագրերի բարելավման նպատակով համեմատական վերլուծության իրականացման գործընթացները,
- Արցախի յուրահատկության արտացոլումը մասնագետների պատրաստմանն ուղղված հանձնարարականներում,
- հետազոտող-մասնագետների պատրաստման գործընթացները,
- դասավանդման գործընթացների վերաբերյալ լավ փորձի կուտակման ու փոխանցման մեխանիզմները,
- կրթական ծրագրերի որակի ապահովման գործընթացները և կիրառվող մեխանիզմները:
Այցի ավարտին հաստատության ղեկավար կազմի հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին մշտադիտարկման արդյունքները՝ դիտարկելով ծրագրային հավատարմագրման իրականացման համար անհրաժեշտ պահանջները և նախատեսվող առաջիկա աշխատանքները: