Ապրիլի 25-ին Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) որակի ներքին ապահովման համակարգի առցանց մշտադիտարկում իրականացրեց Արարատի տարածաշրջանային պետական քոլեջում։ ՄՈՒՀ-ը 2023թ․-ին ստացել է ինստիտուցիոնալ հավատարմագրում 4 տարի ժամկետով։
Մշտադիտարկման նպատակն էր վեր հանել հավատարմագրման գործընթացի ազդեցությունը որակի ապահովման համակարգի, ուսումնական գործընթացների վրա, դիտարկել փորձագետների կողմից մատնանշված թերությունների վերացման ծրագրի իրականացման ընթացքը, առկա ձեռքբերումներն ու հնարավոր մարտահրավերները։
Առցանց մշտադիտարկման ընթացքում հանդիպում-քննարկումներ տեղի ունեցան քոլեջի ղեկավարության, դասախոսների, ուսանողների և որակի ապահովման պատասխանատուի հետ:
Հադիպումների ընթացքում քննարկվեցին հետևյալ թեմաները․
- Գործատուների մասնակցությունը կրթական գործընթացին և ուսանողների գործնական կարողությունների զարգացումը․ Քննարկվել են գործատուների հետ համագործակցության ընդլայնման ուղղությամբ աշխատանքները, գործատու-դասախոսների ներգրավման ուղիները, գործատուների ռեսուրսների համատեղ օգտագործման օրինակները, պրակտիկաների արդյունավետության բարձրացման ուղղությամբ աշխատանքները և տեսական գիտելիքը գործնական կարողությունների վերածման մեխանիզմները։
- Հետազոտական և միջառարկայական աշխատանքներ․ Դիտարկվել է հետազոտական բաղադրիչը կրթական գործընթացում՝ ինչպիսին է հետազոտության խրախուսման քոլեջի քաղաքականությունը, ինչպես են ուսանողները ներգրավվում հետազոտական աշխատանքներում, ինչպես է ապահովվում ակադեմիական ազնվությունը, հետազոտական առաջադրանքների իրականացման նպատակով միջառարկայական համագործակցության օրինակները։
- Ուսուցում, գնահատում և նորարարական մոտեցումներ․ Անդրադարձ է կատարվել ձևավորող գնահատման կիրառմանը, հետադարձ կապի տրամադրմանը, ուսանողների վերլուծական և քննադատական մտածողության զարգացման ուղղությամբ աշխատանքներին, ուսումնական գործընթացում արհեստական բանականության ներառման մոտեցումներին և գործնական օրինակներին, քոլեջում կիրառվող ուսանողի գնահատման չափանիշներին։
- Որակի ապահովում և տվյալահենք կառավարում․ Քննարկվել է որակի ապահովման տարեկան ծրագիրը, առաջիկա տարիների համար կարևորվող ուղղությունները, որոնց վերաբերյալ տվյալներ են հավաքագրվելու՝ տվյալահենք որոշումներ կայացնելու և բարելավման գործընթացներ ծավալելու նպատակով։ Դիտարկվել են նաև շահակիցների կարիքների վերհանման և արձագանքման մեխանիզմները։
Մշտադիտարկման ավարտին ՈԱԱԿ մասնագետները քոլեջի ղեկավար կազմի հետ քննարկեցին հաստատության ուժեղ կողմերն ու բարելավման ուղղությունները։ Մասնավորապես՝
- Կարևորվեց շահակիցների ընդգրկվածությունը ՄՈՒՀ-ի գործընթացներում և գործատուների ռեսուրսների համատեղ օգտագործումը։ Առաջարկվեց շարունակել զարգացնել գործատուների հետ համագործակցությունը և ուսանողների գործնական կարողությունների ամրապնդումը,
- Խրախուսվեց հետազոտական աշխատանքների ընդգրկումն ուսումնական պլանում՝ բեռնվածության ճիշտ բաշխմամբ,
- Դրական համարվեց ուսանողներին տրվող հետադարձ կապի մշակույթը,
- Կարևորվեց քոլեջում առկա լավագույն փորձի համակարգված տարածումը,
- Մատնանշվեց մասնագիտական առաջադրանքներում օտար լեզվի կիրառման հնարավորությունը, ԱԲ կիրառման հստակեցված մոտեցման անհրաժեշտությունը։