Էրազմուս + KPI4HE ծրագրի արդյունքում կմշակվի գործունեության առանցքային ցուցանիշների (ԳԱՑ) ազգային շրջանակ բարձրագույն կրթության համար և ըստ այդմ կվերանայվեն ինստիտուցիոնալ հավատարմագրման չափանիշները:
Հունվարի 30-ին ԵՊՀ-ում տեղի ունեցավ «Հայաստանում ներառական, թվային և կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթության պատշաճ կառավարման և որակի համար գործունեության առանցքային ցուցանիշների ազգային շրջանակի ստեղծում» (KPI4HE) Էրազմուս + ծրագրի մեկնարկային համաժողովը: Ծրագրի հայաստանյան և եվրոպական շահակիցները երկօրյա համաժողովի ընթացքում կհստակեցնեն ծրագրի իրականացման փուլերը և ժամկետները, կներկայացնեն սահմանված վերջնարդյունքների ձեռքբերման և դրանց կայունության ապահովման ուղիները:
Համաժողովի մասնակիցներին ողջույնի խոսք հղեցին և բեղմնավոր աշխատանք մաղթեցին ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան:
Համաժողովի ընթացքում ՈԱԱԿ-ը հանդես եկավ 2 զեկույցով: ՈԱԱԿ Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի ղեկավար Վարդուհի Գյուլազյանը ներկայացրեց ՈԱԱԿ-ի 15 տարիների գործունեությունը և ձեռքբերումները՝ համեմված ամփոփ թվային տվյալներով և վերլուծությունների արդյունքներով:
Շեշտադրվեց, որ հավատարմագրման արդյունքում.
- բարելավվել է բուհերի ռազմավարական կառավարումը,
- ՄԿԾ-ներն իրականացվում են վերջնարդյունահենք մոտեցմամբ,
- ՄՈՒՀ-երն ունեն կայուն դասախոսական կազմ։
Երկրորդ զեկույցի ընթացքում ՈԱԱԿ որակի ներքին ապահովման պատասխանատու Անի Մկրտչյանը «Ինստիտուցիոնալ հետազոտությունների և ռազմական պլանավորման իրականացում» խորագրով զեկույցի շրջանակներում ներկայացրեց ՈԱԱԿ գործունեության ուղղությունները ծրագրի շրջանակներում: ՈԱԱԿ-ը պատասխանատու է 3-րդ աշխատանքային փաթեթի համար, որի նպատակն է մշակել որակյալ, ներառական և կանաչ բարձրագույն կրթության հիմնախնդիրներին ուղղված ինստիտուցիոնալ հետազոտությունների, ռազմավարական պլանավորման և հաշվետվողականության ազգային ուղեցույցներ՝ հիմնված եվրոպական լավագույն փորձի և ազգային համատեքստի վրա:
Այդ նպատակով․
- Կմշակվի և ծրագրի շահակից բուհերում կփորձարկվի ինստիտուցիոնալ հետազոտությունների իրագործման ձեռնարկը և բարձրագույն կրթության ոլորտի ԳԱՑ ազգային շրջանակը:
- Փորձարկման արդյունքների հիման վրա կվերանայվեն շահակից բուհերի ռազմավարական ծրագրերը:
- Կվերանայվեն ինստիտուցիոնալ հավատարմագրման չափանիշները՝ հիմնված փորձարկված ԳԱՑ ազգային շրջանակի վրա:
- Վերանայված հավատարմագրման չափանիշների հանրային քննարկում կիրականացվի, որից հետո փաթեթը կներկայացվի Կառավարության հաստատմանը:
«Հայաստանում ներառական, թվային և կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթության պատշաճ կառավարման և որակի համար գործունեության առանցքային ցուցանիշների ազգային շրջանակի ստեղծումը» (KPI4HE) եռամյա Էրազմուս + ծրագիր է (2024-2027): KPI4HE ծրագրի նպատակն է բարելավել բարձրագույն կրթության համակարգի կառավարումը, համալսարանների ռազմավարական պլանավորումը և կառավարումը` նպաստելով որակյալ, ներառական, թվային և կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթությանը Հայաստանում: Ծրագրի սահմանված նպատակներն իրագործվելու են Գործունեության առանցքային ցուցանիշների (KPIs) ազգային շրջանակի մշակման և ներդրման, Ինստիտուցիոնալ հետազոտությունների և պլանավորման ծառայությունների (IRPS) գործարկման և պետական ինստիտուցիոնալ հավատարմագրման չափանիշների վերանայման միջոցով:
Ծրագրի համակարգողը ԵՊՀ-ն է: Շահակիցներն են ԿԳՄՍՆ-ն, ՈԱԱԿ-ը, ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը, Հայաստանի պետական մանկավարժական համալսարանը, Եվրասիա միջազգային համալսարանը, Հյուսիսային համալսարանը, Գավառի պետական համալսարանը, «Կրթական քաղաքականության և կառավարման հայկական կենտրոն» ՀԿ-ն: Եվրոպական գործընկերներն են Օլդենբուրգի, Դրեզդենի տեխնիկական և Ջենովայի համալսարանները: