Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան (ԵՊԿ) և Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը (ԵՊԼՀ) ստացել են ինստիտուցիոնալ հավատարմագրում 4 տարի ժամկետով:
Նման որոշում է կայացրել Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) հավատարմագրման հանձնաժողովը ապրիլի 11-ին տեղի ունեցած նիստում:
Ըստ հավատարմագրման կարգի`4 տարով հավատարմագրում ստացած բուհերը 2 տարին մեկ պետք է ինստիտուցիոնալ ներքին գնահատում իրականացնեն և արդյունքների մասին տեղեկացնեն ՈԱԱԿ-ին:
Իսկ Երևանի «Հայբուսակ» համալսարանի հավատարմագրումը, հավատարմագրման հանձնաժողովի որոշմամբ, մերժվել է: Կարգի համաձայն, հավատարմագրում չստացած բուհը երկու տարի անց կարող է կրկին դիմել` հավատարմագրում անցնելու համար:
Ինստիտուցիոնալ հավատարմագրումը պետության կողմից ուսումնական հաստատության կրթական և որակի ապահովման գործընթացների, մասնագիտությունների կրթական ծրագրերի պետական կրթական չափորոշիչներին և ինստիտուցիոնալ հավատարմագրման չափանիշներին համապատասխանության ճանաչումն է: Այն պարբերաբար իրականացվող պարտադիր գործընթաց է մասնագիտական ուսումնական բոլոր հաստատությունների համար:
Ավելի վաղ ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովն որոշում էր կայացրել ևս 6 բուհերի ինստիտուցիոնալ հավատարմագրման վերաբերյալ` Երևանի պետական համալսարանին շնորհելով 6, Երևանի պետական բժշկական համալսարանին, Հայաստանի ազգային պելիտեխնիկական համալսարանին, Հայաստանի ազգային ագրարային համալսարանին և Երևանի «Գլաձոր» համալսարանին`4 տարով հավատարմագրում, իսկ Հյուսիսային համալսարանին 2 տարով պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագրում: