Ինչպիսի՞ն է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի գնահատման նոր համակարգը, ի՞նչ չափանիշներ են կիրառվում և ի՞նչ դեր է կատարում այն կրթական համակարգում․ այս հարցերն էին այսօր ԵՊԿ-ում ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանի և բուհի ռեկտորի պաշտոնակատար Սոնա Հովհաննիսյանի, պրոռեկտորների, դեկանների և ամբիոնների վարիչների հանդիպման օրակարգում։
ԵՊԿ-ն մշակել է գնահատման նոր համակարգ։ Այն երկու տարի փորձարկվել է Դաշնամուրային ֆակուլտետում։ Քանի որ բուհի ղեկավարությունն արդյունքները բավարար է համարել, այժմ աշխատանքներ են տարվում գնահատման նոր համակարգը ողջ բուհում ներդնելու ուղղությամբ։
Հանդիպման ընթացքում ԵՊԿ մասնագետները Ռ․ Թոփչյանին ներկայացրեցին, թե ինչպիսին է նոր գնահատման համակարգը, ինչով է այն տարբերվում ավանդականից։ Նրանք մատնանշեցին, որ բազմաբաղադրիչ գնահատումն առավել օբյեկտիվ է, ինչպես նաև նպաստում է ուսանողի առաջադիմությանը։
ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը կարևորեց, որ կրթական գործընթացը կազմակերպելիս բուհում հիշեն՝ շրջանավարտն աշխատաշուկա է մտնելու 4-6 տարի հետո, հետևաբար կրթությունը պետք է լինի առաջանցիկ։
Անդրադառնալով գնահատմանը՝ Պարոն Թոփչյանը նշեց․ «Բացարձակ գնահատում չպետք է լինի։ Գնահատումը պետք է լինի առաջընթաց ապահովող»։ Նա կարևորեց, որ գնահատումը լինի ոչ թե ուսանողին պատժելու, այլ նրա առաջընթացը գնահատելու և նոր գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերելը խրախուսելու միջոց։