Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը շարունակում է շահակիցների հետ քննարկել «Մասնագիտությունների կրթական ծրագրերի կլաստերային փորձաքննության անցկացման կարգը» և «Կլաստերային փորձաքննության չափորոշիչները և ուղենիշները»:
ՈԱԱԿ և ինստիտուցիոնալ հավատարմագրում ստացած բուհերի մասնակցությամբ տեղի ունեցած աշխատանքային հանդիպումների և քննարկումների արդյունքում ստեղծվել են փաստաթղթերը, որոնք շահակիցների տարբեր խմբերի հետ քննարկումների հիման վրա պետք է ավարտուն տեսքի բերվեն և ներկայացվեն Կառավարության հաստատմանը:
Օրերս փաստաթղթերը քննարկվեցին դասախոս փորձագետների և ուսանողների հետ:
Քննարկմանը մասնակից դասախոս-փորձագետները ներկայացրեցին իրենց դիտարկումները փաստաթղթի վերաբերյալ, կարևորեցին փաստաթղթերի կիրառելիության ապահովումը միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների համար, ինչպես նաև բոլոր չափորոշիչներում ուսանողի դերի շեշտադրումը: Մասնագետները նաև ուշադրություն հրավիրեցին հնարավոր դրույթների վրա, որոնք կարող են իրավական դաշտի հետ տարընթերցում առաջացնել:
Ուսանողների հետ ֆոկուս խմբային քննարկման ընթացքում էլ ՈԱԱԿ մասնագետները փորձեցին ձևեկերպել որակյալ կրթությունն ըստ ուսանողների, ինչպես նաև ուսանողների շեշտադրումները ուսուցման գործընթացում: