Քոլեջների հավատարմագրման մանրամասներն էին քննարկվում ՈԱԱԿ աշխատակազմի և ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի առցանց հանդիպման ընթացքում։
ՈԱԱԿ-ի կողմից հանդիպմանը մասնակցում էին տնօրեն Ռուբեն Թոփչյանը, Քարտուղարության ղեկավար Անահիտ Ութմազյանը, Ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման բաժնի ավագ մասնագետներ Վարդուհի Գյուլազյանը և Լիլիթ Պիպոյանը, Քաղաքականության մշակման և իրականացման բաժնի ավագ մասնագետ Լիլիթ Զաքարյանը և տնօրենի օգնական Անահիտ Տերտերյանը։
ՈԱԱԿ մասնագետները ներկայացրեցին միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ինստիտուցիոնալ հավատարմագրման հիմնական շեշտադրումները։ Նախատեսվում է հավատարմագրումների միջոցով նպաստել ՄՄՈՒՀ-երում գործատուների հետ համատեղ ռազմավարական կառավարման իրականացմանը, ուսուցանվող ՄԿԾ-ների համահնչեցմանը մարզի կարիքներին և արտադրական հնարավորություններին, ոլորտային գործատուների ռեսուրսային բազաների համագործակցային օգտագործմանը, գործատու դասախոսների ներգրավվածության մեծացմանը, ինչպես նաև հաստատություններում վերլուծական տվյալների կուտակմանը և դրանց հիման վրա որոշումների կայացմանը։
Նախատեսվում է, որ ԿԳՄՍՆ ֆինանսավորմամբ մինչև 2023թ․բոլոր պետական միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները պետք է ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթաց անցած լինեն։ Ընթացիկ տարում ՈԱԱԿ-ը պլանավորում է հավատարմագրման գործընթացներ իրականացնել 5 քոլեջներում։
Նախարարի տեղակալի հետ հանդիպման ընթացքում ներկայացվեց նաև, թե ինչ քայլեր են ձեռնարկվել ընթացիկ տարում հավատարմագրման գործընթաց անցնող 5 քոլեջների ընտրության ուղղությամբ։ Այդ նպատակով իրականացվել է «ՆՄՄԿՈՒ հաստատություններ-աշխատաշուկա․ մարզային կարիքների տեսանկյուն» թեմայով հետազոտություն, ՆՄՄԿՈՒ հաստատությունները լրացրել են էլեկտրոնային հարցաշար քոլեջ-գործատու համագործակցության վերաբերյալ։ Հարցաշարի արդյունքների հիման վրա ընտրվել է քոլեջների նախնական կազմը։ Ընտրության նախնական փուլն անցած քոլեջների տնօրենների և որակի ապահովման մասնագետների հետ տեղի է ունեցել առցանց հանդիպում։
Ընթացիկ տարում հավատարմագրվող քոլեջների վերջնական ցանկը ԿԳՄՍՆ հետ համագործակցությամբ կհստակեցվի առաջիկա օրերին։