Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի մասնագետներն այսօր հանդիպում ունեցան այն քոլեջների ուսանողների հետ, որոնք այս տարի ինստիտուցիոնալ հավատարմագրում են անցնելու։ Հանդիպման առանցքային թեման առցանց կրթությունն էր․ ինչ դրական և բացասական կողմեր են ուսանողները դուրս բերել նախորդ մի քանի ամիսներին տեղի ունեցած առցանց դասավանդումից, որ փոփոխություններն է, որ ցանկալի է պահպանել լսարանային դասերի վերադառնալուց հետո և ինչպիսին են տեսնում ուսանողներն իրենց իսկ բարձրաձայնած խնդիրների լուծումները։
Հանդիպմանը մասնակցում էին ուսանողներ Կոտայքի տարածաշրջանային պետական, Արարատի պետական, Երևանի ինֆորմատիկայի պետական, Լոռու տարածաշրջանային պետական և Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջներից։
Նրանք նշեցին, որ առցանց դասավանդման արդյունքում ավելի ինքնուրույն ու պրպտող են դարձել։ Որպես առցանց կրթության բացասական կողմ նշեցին կրթական միջավայրում դեմ առ դեմ շփման պակասը, գործատուի միջավայրում պրակտիկայի հնարավորության բացակայությունը։ Նրանք նաև պատմեցին, թե ինչ առաջարկություններ են ներկայացրել կամ ներկայացնելու իրենց դասախոսներին, ֆակուլտետների ղեկավարությանը։
ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը կարևորեց, որ ուսանողներն ակտիվ լինեն, իրենց առաջարկները ներկայացնեն իրենց ուսումնական հաստատության ներկայացուցիչներին, նրանց հետ մասնակից դառնան առաջացած խնդիրների այլընտրանքային լուծումների փնտրտուքին։ Պարոն Թոփչյանի խոսքով՝ լուծումներն ավելի արդյունավետ կլինեն, եթե դրանց մասնակից լինեն նաև ուսանողները, չէ որ նրանք այդ որոշումների ազդեցության հիմնական կրողն են։
Նշենք, որ ավելի վաղ նման հանդիպում էր տեղի ունեցել մի շարք բուհերի ուսանողների հետ։