Պատասխանատու, անաչառ, վերլուծական կարողություններ, հաղորդակցման և ժամանակի կառավարման հմտություններ ունեցող, արագ կողմնորոշվող. այս և այլ հատկանիշներ պետք է ունենա ուսանող-փորձագետը ՄՈՒՀ-երի հավատարմագրման գործընթացում ընդգրկվելու համար:
ՈԱԱԿ-ում այսօր մեկնարկեց «Ուսանողության ձայն» նախագծի ուսանող-փորձագետների պատրաստման հերթական դասընթացը, որին մասնակցում են ուսանողներ հայաստանյան 5 բուհերից:
Դասընթացի մեկնարկին ուսանողները ներկայացրին որակյալ կրթության իրենց ընկալումը: Ընդգծվեց, որ ուսանողին բավարարող կրթությունը պետք է լինի մրցունակ աշխատաշուկայում, ապահովի մասնագիտական կիրառելի հմտությունների ձեռքբերումը և հետագա զարգացումը:
«Ուսանողության ձայն» նախագծի համակարգող Մերի Բարսեղյանն ուսանողներին ներկայացրեց հավատարմագրման գործընթացի էությունը և նպատակները: Ընդգծվեց, որ.
- ՈԱԱԿ-ը Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի (ENQA) անդամ է, և ՈԱԱԿ-ի կողմից շնորհվող հավատարմագրումը ճանաչելի է եվրոպական կրթական տարածքում այնպես, ինչպես ENQA-ի այլ անդամի կողմից շնորհած հավատարմագրումը:
- Հայաստանում գործող հավատարմագրման պետական չափանիշները համահունչ են միջազգային չափանիշներին, քանի որ հիմնված են միջազգային ուղենիշների վրա:
Նշվեց, որ ոչ բոլոր երկրներում են ուսանողները որպես փորձագետներ ընդգրկվում հավատարմագրման գործընթացում: ՈԱԱԿ-ը, կարևորելով ուսանողի շահը և կարծիքը, ձգտում է ուսումնական գործընթացները գնահատել նաև ուսանողի դիտանկյունից: Այդ նպատակով փորձագիտական խմբի անդամներից մեկն ուսանող է, որն ունի խմբի մյուս փորձագետներին հավասարազոր լիազորություններ:
Ներկայացվեցին նաև կարիերայի և մասնագիտական զարգացման հնարավորությունները, որ ուսանողների համար կարող են ստեղծվել ուսանող-փորձագետ դառնալու պարագայում:
Առաջիկա ամսվա ընթացքում ուսանող-փորձագետները կուսումնասիրեն ինստիտուցիոնալ հավատարմագրման պետական չափանիշները, ոլորտը կարգավորող օրենսդրությունը և փաստաթղթերը, կծանոթանան ուսանող-փորձագետի աշխատանքի առանձնահատկություններին և դերին հավատարմագրման գործընթացում: Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցները կստանան վկայական, կընդգրկվեն ուսանող-փորձագետների բազայում և հետագայում կընդգրկվեն ՄՈՒՀ-երի հավատարմագրման գործընթացում:
Նշենք՝ ՈԱԱԿ «Ուսանողության ձայն» նախագիծը մեկնարկել է 2011-ին: 13 տարիների ընթացքում ուսանող-փորձագետների պատրաստման դասընթաց է կազմակեպվել բուհերի և քոլեջների 1300 ուսանողների համար: 109 ուսանող ընդգրկվել է ՄՈՒՀ-երի հավատարմագրման գործընթացում: «Ուսանողության ձայնի» անդամներից 5-ը դարձել են Եվրոպական ուսանողական միության անդամ՝ ընդգրկվելով օտարերկրյա բուհերի հավատարմագրման գործընթացներում: