Մարտի 25-28-ը Ջենովայի համալսարանում (UNIGE) կայացել է Էրազմուս+ KPI4HE ծրագրի աշխատաժողովը՝ «Հաստատության հետազոտական և պլանավորման ծառայությունների գործարկում՝ կենտրոնանալով բարձրագույն կրթության կառավարման տեղեկատվական համակարգի վրա» խորագրով։
Աշխատաժողովի նպատակն էր քննարկել և մշակել ինստիտուցիոնալ հետազոտությունների և ռազմավարական պլանավորման (IRSP) մեթոդաբանություններ ու գործիքներ, ինչպես նաև բարձրագույն կրթության կառավարման տեղեկատվական համակարգի (HEMIS) գործնական կիրառումը։
ՈԱԱԿ-ից միջոցառմանը մասնակցել են տնօրեն Ռուբեն Թոփչյանը, Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի ղեկավար Վարդուհի Գյուլազյանը և իրավաբան Օֆելյա Պետրոսյանը։
ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը հանդես է եկել «Հավատարմագրումն ու ԳԱՑ ազգային շրջանակը. ընթացիկ մարտահրավերներն ու հեռանկարները» թեմայով զեկույցով։ Նա անդրադարձել է հավատարմագրման և որակի ապահովման (ՈԱ) մոտեցումների փոփոխություններին՝ ընդգծելով որակականից դեպի փաստահենք մոտեցման անցման անհրաժեշտությունը։ Մասնավորապես, նա անդրադարձել է հետևյալ թեմաներին․
- փաստահենք հավատարմագրմանը և ՈԱ նոր մոտեցումներին,
- հավատարմագրման գործընթացում ԳԱՑ տվյալների ներառման կարևորությանը,
- արդյունքների գնահատման համար ԳԱՑ չափանիշների կիրառմանը (ավարտական ցուցանիշներին, զբաղվածությանը, գիտահետազոտական արդյունքներին),
- ռազմավարական հաշվետվողականության և ինստիտուցիոնալ ինքնավարության համադրմանը,
- ESG-ի համատեքստում ՈԱ չափանիշների վերանայման անհրաժեշտությանը,
- հմտությունների վրա հիմնված գնահատման մեխանիզմների ներդրմանը։
Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի ղեկավար Վարդուհի Գյուլազյանը ներկայացրել է ինստիտուցիոնալ հետազոտությունների և ռազմավարական պլանավորման (IRSP) իրականացման ճանապարհային քարտեզը, որի հիմնական քայլերն են․
- ԳԱՑ ազգային շրջանակի (NF-KPI) փորձարկում,
- աշխատանքային խմբի ձևավորում՝ ներգրավելով անկախ փորձագետներ, նախարարության, համալսարանների, ՈԱԱԿ-ի և ուսանողների ներկայացուցիչներ,
- ԳԱՑ ազգային շրջանակի ոլորտների հիման վրա տվյալների հավաքագրման ձևանմուշների մշակում,
- ԳԱՑ փորձարկում համալսարանների կողմից,
- հավաքագրված տվյալների վերանայում և փորձարկման ենթակա ԳԱՑ-երի վերջնականացում,
- ԳԱՑ ազգային շրջանակի համապատասխանեցում հավատարմագրման չափանիշներին,
- բարեփոխումների նպատակների հստակեցում՝ Իռլանդիայի փորձի հիման վրա։
Այս գործընթացի հիմնական ակնկալվող արդյունքն է՝ կատարողականի համաձայնագրերի ներդրումը և բուհերի ֆինանսավորումը՝ ԳԱՑ-ի հիման վրա։
«Հայաստանում ներառական, թվային և կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթության պատշաճ կառավարման և որակի համար գործունեության առանցքային ցուցանիշների ազգային շրջանակի ստեղծումը» (KPI4HE) եռամյա Էրազմուս + ծրագիր է (2024-2027): Նպատակն է բարելավել բարձրագույն կրթության համակարգի կառավարումը, համալսարանների ռազմավարական պլանավորումը և կառավարումը՝ նպաստելով որակյալ, ներառական, թվային և կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթությանը Հայաստանում։
KPI4HE-ի նպատակներն իրագործվելու են Գործունեության առանցքային ցուցանիշների (KPIs) ազգային շրջանակի մշակման և ներդրման, Ինստիտուցիոնալ հետազոտությունների և պլանավորման ծառայությունների (IRPS) գործարկման և պետական ինստիտուցիոնալ հավատարմագրման չափանիշների վերանայման միջոցով։