ՀՀ պետական կառավարման ակադեմիան վերահավատարմագրվում է։ Ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացի շրջանակներում փորձագիտական խումբը մայիսի 29-31-ը կայցելի ՀՀ ՊԿԱ, որտեղ հանդիպումներ կունենա բուհի վարչական ղեկավարության, պրոֆեսորադասախոսական անձնակազմի, ուսանողների ու շրջանավարտների, որակի ապահովման մասնագետների, ինքնավերլուծություն իրականացրած խմբի հետ։ Կիրականացվի ռեսուրսների դիտարկում և փաստաթղթերի ուսումնասիրություն։ Այցից առաջ փորձագետները նաև բուհում դասալսումներ են իրականացրել՝ դիտարկելու ուսանողի գնահատումը և մասնագիտական կարողությունների ձևավորումը։
Փորձագետները նախորդ հավատարմագրումից ի վեր բուհի առաջընթացը, բարելավման ծրագրի իրագործումը և գործունեությունը կգնահատեն 10 տիրույթներում՝ առաքելություն, կառավարման համակարգ, մասնագիտության կրթական ծրագրեր, ուսանողներ, պրոֆեսորադասախոսական կազմ, հետազոտություն, ռեսուրսներ, հասարակական պատասխանատվություն, միջազգայնացում, որակի ապահովման ներքին համակարգ։
ՀՀ ՊԿԱ-ում արտաքին գնահատում իրականացնող փորձագիտական խմբի ղեկավարն է ՀՊՏՀ ուսումնական բաժնի պետ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Աղավնի Հակոբյանը։ Խմբի մյուս անդամներն են Գերմանական FH Aachen կիրառական գիտությունների համալսարանի որակի կառավարման բազմամյա տնօրեն, «Թյունինգ ակադեմիա» բարձրագույն կրթության և հետազոտության միջազգային կենտրոնի բարձրագույն կրթության փորձագետ Մարգարետ Շերմացկին, ԵՊՀ Հանրային կառավարման ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Վահագն Ագլյանը, ՀԱՊՀ Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ու էլեկտրոնիկայի ինստիտուտի տնօրենի ուսումնական գծով տեղակալ, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Գեղամ Կարոյանը, ԵՊԼՀ ուսանող Տաթև Մովսիսյանը։
Արտաքին գնահատումից հետո բուհի հավատարմագրման մասին որոշումը կայացնելու է ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովը՝ հիմնվելով փորձագիտական զեկույցի, բուհի ինքնավերլուծության և բարելավման ծրագրի վրա։
Նշենք, որ ՀՀ ՊԿԱ-ն 4 տարով ինստիտուցիոնալ հավատարմագրում էր ստացել 2015-ին։