Միջազգային Հելլենիկ համալսարանում (Հունաստան) սույն թվականի հուլիսի 10-14-ը կայացավ ԵՄ կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ T-GREEN «Հետբակալավրի կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» նախագծի միջազգային աշխատաժողովը, որին մասնակցել են ՈԱԱԿ Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի ղեկավար Վարդուհի Գյուլազյանը և նույն բաժնի մասնագետ Անահիտ Տերտերյանը։
Իր առանցքում ունենալով «Կանաչ» կրթության քաղաքականությունը՝ նախագծի իրականացումը բուհերին հնարավորություն կտա ավանդական կրթական ծրագրերից անցում կատարելու ապագային միտված կրթության, որն ուսանողների շրջանում կձևավորի կանաչ հմտություններ և կանաչ կենսակերպ։
Աշխատաժողովի ընթացքում տեղի են ունեցել խմբային քննարկումներ հետևյալ թեմաներով․
- ՀՀ մասնագիտությունների ցանկի վերանայման անհրաժեշտությունը․ խնդիրներ և հնարավոր լուծումներ,
- Կրեդիտային համակարգի լիարժեք գործարկումը․ խոչընդոտներ ազգային և ինստիտուցիոնալ մակարդակներում, հնարավոր լուծումներ,
- «Կրթությունը հանուն կայուն զարգացման» ճանապարհային քարտեզի նախագծում։
Աշխատաժողովի ընթացքում Վարդուհի Գյուլազյանը վարել է խմբային քննարկումներից մեկը՝ վերհանելու վերոնշյալ թեմաների վերաբերյալ մասնակիցերի տեսակետները և առաջարկությունները հնարավոր բարեփոխումների վերաբերյալ։
Նշենք, որ նախագծի հիմնական նպատակն է ազգային և ինստիտուցիոնալ վարչական կազմի, որոշումներ կայացնողների, քաղաքականություն մշակողների, մանկավարժների, հետազոտողների և ուսանողների մոտ այնպիսի կարողությունների զարգացումը, որոնց միջոցով նշված դերակատարները կկարողանան կայուն զարգացման նպատակները և բնապահպանական խնդիրներն ինտեգրել քաղաքականության և կրթական բովանդակության մեջ: Այն իրականացվելու է համատեղ կրթական ծրագրեր մշակելով կամ առկա կրթական ծրագրերը բարեփոխելով, որոնք կպարունակեն սովորողների շրջանում կանաչ հմտություններ ձևավորող բաղադրիչներ։
Նախագծի հայաստանյան մասնակիցներն են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը (համակարգող), Եվրասիա միջազգային համալսարանը (համահամակագրող), Երևանի պետական համալսարանը, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, Հայաստանում Ֆրանսիական համալսարանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանը, Գորիսի պետական համալսարանը, Գավառի պետական համալսարանը, «Էրազմուս ուսանողների ցանց Երևան» և «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունները։
ԵՄ գործընկերներն են Միջազգային Հելլենիկ համալսարանը (Հունաստան), Միկոլաս Ռոմերիսի անվան համալսարանը (Լիտվա), Պորտուգալիայի կաթոլիկ համալսարանը (Պորտուգալիա) և Կրակովի Յագելոնյան համալսարանը (Լեհաստան)։