ԱԺ ներկայացված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ շահառուները մի շարք դիտարկումներ են ներկայացրել։ Առաջարկությունների թվում է ծրագրային հավատարմագրումը ոչ պարտադիր դարձնելը։ Այս առաջարկը, ի թիվս այլ հանգամանքների, հիմանավորվում է նաև միջազգային փորձով։
ՈԱԱԿ-ը, քաջատեղյակ լինելով միջազգային փորձին, փաստում է՝ ուսանողների դիպլոմների ճանաչումը միջազգային ասպարեզում պահանջում է ծրագրային հավատարմագրում։ Եվրոպական բարձրագույն կրթության տարածքի երկրներում ծրագրային հավատարմագրումը շատ կարևորված է և հավաստում է որակավորումների արժանահավատ շնորհումը։
Որպեսզի համեմատությունը Եվրոպական բարձրագույն կրթության տարածքի հետ տեղին լինի, անհրաժեշտ է գոնե մեկ անգամ իրականացնել ծրագրերի փորձաքննություն։ Պարտադիր է մասնագիտության կրթական ծրագրի հավատարմագրման առնվազն մեկ շրջափուլ։ Այնուհետև այն բուհերը, որոնք բարեհաջող կիրականացնեն այս գործընթացը, կկարողանան շարունակել ինքնուրույն, վստահելի գործընթացներով իրականացնել ծրագրերի գնահատում՝ արտաքին փորձագետների ներգրավմամբ, որը հիմք կհանդիսանա հաջորդ ինստիտուցիոնալ հավատարմագրման համար:
Միջազգային փորձի հիմքում որակի կայացած մշակույթն է, ինչին ձգտում ենք նաև մենք։
ՈԱԱԿ-ը կարծում է, որ ՀՀ-ում ծրագրային հավատարմագրումը պետք է լինի պարտադիր։ Հիմնավորումները բազմաթիվ են։
2014թ․ հաստատված ՀՀ բուհերի մասնագիտությունների և որակավորումների նոր ցանկի հիման վրա բուհերում վերջնարդյունքահեն մոտեցմամբ մշակվել են նոր կրթական ծրագրեր։ Միևնույն ժամանակ, այդ նոր մշակված ծրագրերը պետք է անցեն փորձաքննություն և ստանան որակի պետական հավաստում։
Այս գործընթացն անհրաժեշտ է, քանի որ բուհերն իրականացնում են մասսայական ընդունելություն շատ ցածր շեմերով, իսկ կրթական ծրագրերը ոչ միշտ են իրականացվում ընդունելությանը համապատասխան և ապահովում աշխատաշուկայի պահանջները։ Ծրագրային հավատարմագրումը կոչված է հավաստելու, թե շնորհվող որակավորումները որքանով են արժանահավատ և որքանով են շրջանավարտները ձեռք բերել գործատուների պահանջներին համապատասխան կարողություններ: Բոլոր որակավորումները պետք է համապատասխանեն Որակավորումների ազգային շրջանակին, սակայն յուրաքանչյուր բուհ իր ձևով է ընկալում և մեկնաբանում մասնագիտական վերջնարդյունքները:
ՈԱԱԿ-ի փորձը վկայում է, որ բուհերում չկա համակարգված մոտեցում բոլոր ծրագրերի կառավարման և որակի ապահովման նկատմամբ։
Բուհերը հաճախ իրականացնում են կրթական ծրագրեր առանց համապատասխան ռեսուրսների և համապատասխան դասախոսական կազմի, շատ փոքր ընդունելությամբ, ինչը թույլ չի տալիս լիարժեք իրականացնել կրթական ծրագրերը և պատրաստել աշխատաշուկայի կարիքներին համապատասխան մրցունակ մասնագետներ։
Հետևաբար ծրագրային հավատարմագրման իրականացումը բխում է ուսանողի, պետության և կրթական համակարգի շահերից։