Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն հիմնադրամի (ՈԱԱԿ) նախաձեռնությամբ մայիսի 5-ին կայացավ աշխատաժողով հավատարմագրված շուրջ 26 բուհերի պրոռեկտորների և որակի ապահովման մասնագետների հետ։ Հանդիպման նպատակն էր քննարկել ծրագրային հավատարմագրման մեկնարկի համար անհրաժեշտ աշխատանքերի իրականացումը և կրթության որակը լսարանում լավացնելու միջոցները։
ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը հանդիպման սկզբում անդրադարձավ ՈԱԱԿ փորձագետների համաժողովի արդյունքներին, որտեղ շեշտադրվել են կրթական ծրագրերի շարունակական բարելավման անհրաժեշտությունը։
Կարևորվեց, որ ծրագրային հավատարմագրումից առաջ բուհերը անդրադառնան հետևյալ հարցերին․
- Ինչքանո՞վ է որակը մտել է լսարան, ի՞նչ է տեղի ունենում լսարանում։
- Արդյո՞ք դասերը պլանավորվում են՝ ըստ նպատակի։
- Արդյո՞ք դասախոսը զբաղվում է իր դասավանդման որակի ապահովմամբ։
- Որքանո՞վ է դասախոսը հաշվետու ուսանողների արդյունքի համար։
- Արդյո՞ք գնահատումը դարձել է ուսումնառության գործիք։
- Որքանո՞վ է գանհատումը համահունչ ՈԱՇ-ին կամ ՈՈՇ-ին։
- Արդյո՞ք գնահատումը հաշվի է առնում մասնագիտական ոլորտի առանձնահատկությունները։
Թվարկված հարցերը քննարկվեցին հանդիպման ընթացքում, իսկ նպատակն էր հասկանալ՝ ի՞նչ փորձառություն ունեն բուհերը իրենց կրթական ծրագրերի գնահատման և բարելավման ուղղությամբ։ Քննարկումը ուղեկցվեց հարց ու պատասխանով, ներկայացուցիչները կիսվեցին իրենց փորձով, պատկերացումներով և մտահոգություններով։
Մենք կարծում ենք, որ նման հանդիպումները և տեղեկատվության փոխանակումը կարևոր է և օգտակար։ Մենք պետք է երկխոսենք, հասկանանք հնարավորությունները, խնդիրները, կիսվենք մեր փորձառությամբ։ Ծրագրային հավատարմագրումը պետք է բուհերի համար լինի կրթական ծրագրերի վերանայման, գնահատման և բարելավման մոտիվացիա, ոչ թե պարտադրանք․ այդպես կարող ենք որակը իջեցնել լսարան․- հանդիպումը եզրափակեց ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը։