Մարտի 21-ին Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնում (ՈԱԱԿ) տեղի ունեցավ հանդիպում ծրագրային հավատարմագրման գործընթացում գտնվող հինգ բժշկական քոլեջների ներկայացուցիչների հետ։ Քննարկման առանցքում «Քույրական գործ» մասնագիտության կրթական ծրագրի (ՄԿԾ) ծրագրային հավատարմագրումն էր: Սա ՄԿՈւ հաստատություններում ծրագրային հավատարմագրման առաջին փորձն է։
ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանն ընդգծեց, որ բժշկական մասնագիտություններն առանձնահատուկ մոտեցում են պահանջում, քանի որ բուժքույրը, անկախ գործունեության երկրից, պետք է տիրապետի նույն մասնագիտական գիտելիքներին ու հմտություններին՝ հիվանդների լիարժեք խնամքն ապահովելու համար։
Հանդիպման նպատակն էր ներկայացնել «Քույրական գործ» ՄԿԾ-ի ուսուցման լավագույն փորձերը, քննարկել ծրագրային հավատարմագրման առանձնահատկությունները, տվյալների հավաքագրման կարևորությունը և մեխանիզմները։ Մասնակիցները նաև քննարկեցին կրթական գործընթացում կիրառվող մասնագիտական չափորոշիչները, ինչպես նաև բժշկական մասնագիտությունների համար միասնական պահանջների անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով դրանց անմիջական կապը մարդու առողջության հետ։ Բացի այդ, անդրադարձ կատարվեց շրջանավարտների մասնագիտական գործունեության ոլորտներին և այն հարցին, թե որքանով են կրթական ծրագրերում ներառվում ընտրովի առարկաներ, որոնք հնարավորություն կտան ուսանողներին մասնագիտանալ տարբեր ոլորտներում՝ հաշվի առնելով աշխատանքի առանձնահատկությունները։
Հանդիպման շրջանակներում անդրադարձ կատարվեց նաև հետևյալ թեմաներին․
- Ծրագրային հավատարմագրման յոթ չափանիշների պահանջները և դրանց մեկնաբանությունը։
- ՄԿԾ-ի կառուցվածքը, ուսումնական ծրագրերի համապատասխանեցումը աշխատաշուկայի և պետության պահանջներին։
- Ուսանողների պատրաստվածության գնահատման մեթոդները, մասնագիտական ստանդարտների և կրթական միջավայրի դերը։
- Բուժքույրերի մասնագիտական զարգացման ուղիները, որակի ապահովման մեխանիզմները։
Քննարկումների ընթացքում մասնակիցները վեր հանեցին մի շարք հիմնախնդիրներ, այդ թվում՝ բուժքույրական կրթության մեջ միջազգային չափորոշիչների կիրառումը, գործատուների ակնկալիքներն ու ուսանողների կարողությունների գնահատման հուսալիությունը։
Պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակել ծրագրային հավատարմագրմանը նվիրված հանդիպումները՝ ներգրավելով գործատուներին և այլ շահագրգիռ կողմերին՝ բարելավելու կրթական ծրագրերը և դրանց համապատասխանությունը ոլորտային պահանջներին։
Հավելենք, որ ծրագրային հավատարմագրման համար պարտադիր պայման է քոլեջի ինստիտուցիոնալ հավատարմագրում ունենալը, և այս գործընթացում ընդգրկված հինգ քոլեջներն անցել են ծրագրային հավատարմագրում։
Նշենք, քոլեջներում ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրումն իրականացվում է պետական ֆինանսավորմամբ։