ՏԵՄՊՈՒՍ-ի ALIGN ծրագրի շրջանակներում նոյեմբերի 13-14-ին Մոսկվայում ընթանում է խորհրդաժողով` նվիրված կրթության որակի բարելավմանը և ուսուցման արդյունավետությանը: Խորհրդաժողովին մասնակցում են նաև Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնում ALIGN ծրագրի համակարգող Վարդուհի Գյուլազյանը և հիմնադրամի աշխատակազմի ղեկավար Անահիտ Ութմազյանը:
Խորհրդաժողովը կոչված է ապահովելու ծրագրի շահակիցների միջև փորձի փոխանակումը և տարածումը:
Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանում ընթացող երկօրյա խորհրդաժողովի ընթացքում կքննարկվեն կրթության որակի գնահատման միջազգային մոտեցումները, տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառությունը կրթության վերջնարդունքների գնահատման գործում, կրթության արդյունավետ վերջնարդյունքների սահմանման խնդիրները: Կներկայացվի նաև հավատարմագրման և կրթության որակի բարելավման ռուսական փորձը:
Խորհրդաժողովի ընթացքում տեղի կունենա ALIGN ծրագրի կառավարման խորհրդի հանդիպում, կկայանա նաև ուսանողակենտրոն կրթությանը նվիրված վարպետության դաս:
ALIGN-ը եռամյա ծրագիր է (2013-2016 թթ.), որը կոչված է ապահովելու մասնագիտական կրթական ծրագրերի և Որակավորումների ազգային շրջանակի համապատասխանությունը: Ծրագրի տեղական համակարգողը ԵՊԼՀ-ն է: