Լեհաստանի Յագելոնյան համալսարանում նոյեմբերի 21-23-ը կայացավ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ T-GREEN նախագծի միջազգային հերթական աշխատաժողովը, որին մասնակցեցին նաև ՈԱԱԿ ներկայացուցիչները։
Աշխատաժողովի ընթացքում կոնսորցիումի անդամ միջազգային գործընկերները ներկայացրին իրենց երկրների (Լեհաստան, Հունաստան, Լիտվա, Պորտուգալիա) փորձառությունը կրթական ծրագրերի մշակման, կրեդիտների բաշխման և որակի ապահովման մեխանիզմների կիրառման վերաբերյալ։ Քննարկվեցին նաև համատեղ, կրկնակի և բազմակի դիպլոմի շնորհմամբ ծրագրերի իրականացման եվրոպական իրավական կարգավորումները, կրթական ծրագրերում կանաչ հմտությունների ներդրման ձևերը։
Աշխատաժողովի շրջանակներում տեղի ունեցան խմբային քննարկումներ կոնսորցիումի անդամ տեղացի և միջազգային գործընկերների միջև համատեղ կրթական ծրագրերի իրականացման, շարժունության հնարավորությունների ստեղծման և լավագույն փորձի փոխանակման վերաբերյալ։
Աշխատաժողովի վերջին օրը մասնակիցներին ողջունեց Յագելոնյան համալսարանի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, ազգությամբ հայ, պրոֆեսոր Արմեն Եդիգարյանը։ Պրոֆեսորի հետ քննարկման առանցքում էին կրթության առջև եղած մարտահրավերները և հնարավորությունները, մասնավորապես՝ արհեստական բանականության կիրառումը ուսանողների կողմից և միկրոորակավորումներ շնորհող ծրագրերի իրականացման իրավական կարգավորումները։
Նշենք, որ ծրագրի անդամներ են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը, 9 հայաստանյան և 4 եվրոպական բուհեր, 2 հասարակական կազմակերպություններ։
«Հետբակալավրի կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» (T-GREEN) եռամյա նախագիծը բուհերում իրականացվող հետբակալավրի կրթության անհրաժեշտ բարեփոխումներին ուղղված նախագիծ է, որի համար առանցքային է «Կանաչ» քաղաքականությունը։ Նախագծի իրականացումը բուհերին հնարավորություն կտա ավանդական կրթական ծրագրերից անցում կատարել դեպի ապագային միտված, կանաչ և միջառարկայական ուսումնական ծրագրերին՝ խթանելով ուսանողների շարժունակությունը, մշակելով համատեղ որակավորման աստիճան շնորհող կրթական ծրագրերի իրականացման կառուցակարգեր։
Նախագծի հիմնական նպատակն է ազգային և ինստիտուցիոնալ վարչական կազմի, որոշումներ կայացնողների, քաղաքականություն մշակողների, մանկավարժների, հետազոտողների և ուսանողների մոտ այնպիսի կարողությունների զարգացումը, որոնց միջոցով նշված դերակատարները կկարողանան կայուն զարգացման նպատակները և բնապահպանական խնդիրները ինտեգրել քաղաքականության և կրթական բովանդակության մեջ։