Մեկնարկել է «Կրթության կառավարում» մասնագիտության փորձնական կրթական ծրագրի փորձաքննության գործընթացը Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանում: Մայիսի 18-20-ին Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի փորձագիտական խումբը հանդիպումներ կունենա ծրագրի պատասխանատուների, ծրագրի մշակման գործընթացում ներգրավված անձանց, դասախոսական կազմի և ուսանողների հետ, ինչպես նաև կիրականացնի ուսումնական ռեսուրսների դիտարկում:
Մինչ փորձագիտական խմբի այցը, փորձագետներն ուսումնասիրել են բուհի ներկայացրած կրթական ծրագրի ինքնավերլուծությունը:
Այցից հետո փորձագետները կկազմեն եզրակացություն, որում ամփոփված կլինեն կրթական ծրագրի իրականացման արդյունքները և առկա թերությունները. փորձագետները կտրամադրեն նաև բարելավման ուղղությամբ խորհրդատվություններ:
Փորձագիտական խմբում ընդգրկված են 5 մասնագետներ, որոնցից մեկն ուսանող-փորձագետ է: Խումբը ղեկավարում է ՀՊՏՀ որակի ապահովման կենտրոնի գլխավոր մասնագետ Վարազդատ Հովհաննիսյանը: Խմբում ընդգրկված են երկու միջազգային մասնագետներ`Մեծ Բրիտանիայի Բաթ Սփա Համալսարանի (Bath Spa University) ավագ դասախոս Դարեն Գարսիդը և Վրաստանի Կրթության որակի բարելավման ազգային կենտրոնի մասնագետ Քսենիա Ջելովանին:
Նշենք, որ փորձաքննությունը նախատեսված է ՏԵՄՊՈՒՍ-ի ՄԱՀԱԹՄԱ ծրագրով, որի շրջանակներում 2013-14 ուսումնական տարում հայաստանյան մի շարք բուհերում փորձնականորեն ներդրվել է «Կրթության կառավարում» մասնագիտության մագիստրոսական կրթական ծրագիր: Նմանատիպ փորձաքննություններ իրականացվելու են նաև ծրագրի մասնակից մյուս երեք ուսումնական հաստատություններում` Գորիսի պետական համալսարանում, Խ.Աբովյանի անվ. հայկական պետական մանկավարժական համալսարանում և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում, ինչպես նաև 4 վրացական բուհերում:
Փորձաքննության գործընթացները համակարգում է ՈԱԱԿ-ը: