Հուլիսի 20-24-ին Իսպանիայի Ալիկանտե քաղաքում կայացավ աշխատաժողով`նվիրված TEMPUS-ի «Արարատ» ծրագրին:
Աշխատաժողովին քննարկվել են Հայաստանում Համալսարան-աշխատաշուկա ազգային ցանցի (ՀԱԱՑ) ստեղծման աշխատանքները, դասախոսներին, գործատուներին, ուսանողներին և շրջանավարտներին ուղղված հարցաթերթերի ձևն ու բովանդակությունը:
Աշխատաժողովի ընթացքում ՈԱԱԿ-ի կողմից առաջարկվել է ծրագրի շահակիցներին ուղղված հարցաթերթերի որոշակի ձևաչափ: Քննարկումների արդյունքում աշխատաժողովի մասնակիցները համաձայնության են եկել հարցաթերթերի ձևի ու բովանդակության շուրջ, նաև կազմվել է առաջիկա գործողությունների ժամանակացույց:
Աշխատաժողովին մասնակցել են «Արարատ» ծրագրի կառավարման խորհրդի անդամներ Ռուբեն Թոփչյանը (ՈԱԱԿ), Սուսաննա Կարախանյանը (ՈԱԱԿ), Գագիկ Մակարյանը (ՀԳՀՄ), Ռոբերտ Սուքիասյանը (ԿԳՆ), Ներսես Գևորգյանը (ՀՊՏՀ), Սարգիս Ասատրյանցը (ՀՈՒԱԱ), ինչպես նաև ծրագրի կառավարման խորհրդի ներկայացուցիչներ Գերմանիայից, Լեհաստանից, Իտալիայից, Լատվիայից, Ավստրիայից, Իսպանիայից:
«Արարատը» եռամյա ծրագիր է, որ մեկնարկել է 2012-ի դեկտեմբերին: Նպատակն է երկխոսություն ստեղծել աշխատաշուկայի և բուհերի միջև, որպեսզի շուկան կարողանա իր պահանջները բուհին հասցնել, նա էլ իր հերթին շուկայի պահանջներին համապատասխան մասնագետներ պատրաստել:
Ծրագրի համակարգողն է ՀՊՏՀ-ն: Ծրագրի արդյունքները կենտրոնացվելու են ՈԱԱԿ-ում, որոնք էլ կիրառվելու են բուհերի ծրագրային հավատարմագրման ժամանակ: