Հոկտեմբերի 18-ին ՈԱԱԿ-ում տեղի ունեցավ հանդիպում 16 քոլեջների ներկայացուցիչների հետ, որոնք 2026 թվականին պետական ֆինանսավորմամբ ինստիտուցիոնալ հավատարմագրում են անցնելու։ Հանդիպման ընթացքում քոլեջներին ներկայացվեց հավատարմագրման գործընթացը, դրա փուլերն ու ժամկետները, ինչպես նաև հստակեցվեց հավատարմագրման ժամանակացույցը յուրաքանչյուր ՄՄՈՒՀ-ի համար։
Ընդգծվեց, որ անհրաժեշտության դեպքում ՈԱԱԿ-ը ՄԿՈՒ հաստատությունների համար կկազմակերպի ինքնավերլուծության և հավատարմագրման գործընթացը պարզաբանող վերապատրաստումներ և աշխատաժողովներ։
Անդրադարձ կատարվեց ինքնավերլուծության գործընթացին՝ ընդգծելով, որ ինքնավերլուծությունը պետք է՝
- հիմնված լինի տվյալների վրա և ունենա վերլուծական բնույթ,
- ցույց տա ՄՄՈՒՀ-ում տեղի ունեցող բարելավման գործողությունները և առկա արդյունքները,
- ընդգծի կրթական հաստատության ուժեղ և թույլ կողմերը յուրաքանչյուր չափանիշի տիրույթում,
- ներկայացնի ՄԿԾ-ների ներքին գնահատման արդյունքները։
Վերահավատարմագրման դեպքում պետք է ներկայացվեն նաև բարելավման ծրագրի իրագործման արդյունքները։
Նշված պահանջների ապահովումը կնպաստի արտաքին գնահատման գործընթացի առավել արդյունավետությանը և փորձագետների կողմից ավելի թիրախային խորհրդատվությունների ձևակերպմանը։
Անդրադարձ կատարվեց նաև Հավատարմագրման կարգում տեղի ունեցած փոփոխություններին։ Քննարկվեցին քոլեջների ներկայացուցիչներին հուզող հարցերը։