Մայիսի 29-30-ը Տիրանայում տեղի կունենա Բոլոնիայի նախարարական գագաթնաժողովը, որին ընդառաջ Բոլոնիայի գործընթացի հետամուտ թեմատիկ աշխատանքային խմբերն ամփոփում են 2021-2024թթ․ գործունեությունը և պլանավորում հետագա 4 տարիները։
Ապրիլի 18-19-ին Տալլինում տեղի ունեցավ Բոլոնիայի գործընթացի հետամուտ «Որակավորումների շրջանակ» թեմատիկ Ա աշխատանքային խմբի ամփոփիչ աշխատաժողովը «Կրթության վերջնարդյունքները և ապագայի հմտությունները» խորագրով։ Համաժողովին Հայաստանը ներկայացնում էր ՈԱԱԿ-ի որակի ներքին ապահովման պատասխանատու Անի Մկրտչյանը։
Աշխատաժողովի շրջանակներում ԵԲԿՏ անդամ երկրների մասնագետները քննարկել են, թե ինչպիսին է բուհի ներկայիս շրջանավարտը և ինչ հմտություններ պետք է ունենա ապագայի շրջանավարտը։ Պանելային քննարկման միջոցով վեր են հանվել կարողություններն ու հմտությունները, որոնք կարող են պահանջված լինել ապագայում։ Ներկայացվել են վերջին փոփոխությունները Եվրոպական որակավորումների շրջանակում, կրթական վերջնարդյունքների վերանայման տարբեր երկրների փորձը։
Ապրիլի 19-ին «Որակավորումների շրջանակ» թեմատիկ աշխատանքային խմբի անդամները քննարկել են Տիրանայի կոմյունիկեի նախնական տարբերակը և խմբի հետագա գործունեությունն ու ծրագրերը։ ՈԱԱԿ ներկայացուցիչ Անի Մկրտչյանը մասնակցել է աշխատանքային խմբի հետագա առաջնահերություններին նվիրված պանելային քննարկմանը՝ առաջարկելով առաջիկա տարիներին ուշադրության կենտրոնում ունենալ.
- տրանսդիսցիպլինար կարողությունների ձևավորումը,
- գործընթացների թվայնացման հնարավորությունները և համապատասխան գործիքները դասավանդման և ուսումնառության որակի բարելավման համար,
- կանաչ կրթությունը։
Հանդիպման մասնակիցները կարևորել են նաև միկրոորակավորումների արժանահավատ շնորհման ուղղությամբ աշխատանքները։
Նշենք՝ ՈԱԱԿ-ը մասնակցում է և իր ներդրումն ունի Բոլոնիայի գործընթացի հետամուտ խմբի (ԲԳՀԽ) «Որակավորումների շրջանակ» և «Որակի ապահովում» թեմատիկ աշխատանքային խմբերի գործունեությունում։