Հոկտեմբերի 24-25-ը Մալթայում անցկացվեց ENQA-ի Գլխավոր համաժողովը, որին որպես ENQA-ի անդամ մասնակցում էր նաև ՈԱԱԿ-ը:
ENQA-ի Գլխավոր համաժողովում ՈԱԱԿ-ը ներկայացնում էին տնօրեն Ռուբեն Թոփչյանը և Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի ղեկավար Վարդուհի Գյուլազյանը: Համաժողովի հիմնական նպատակը բարձրագույն կրթության որակի ապահովման նոր մոտեցումներ մշակելն էր, որոնք կծառայեն բուհական համակարգերի արդիականացմանը և կլրացնեն որակի ապահովման եվրոպական ստանդարտները (ESG):
Համաժողովի օրակարգում ներառված էին մի շարք կարևոր թեմաներ՝
- Հետազոտությունների որակի ապահովում – ներկայացվեցին ուսումնասիրություններ և քննարկումներ, թե ինչպես կարելի է բուհերում ապահովել գիտական հետազոտությունների որակը:
- ENQA-ի ռազմավարական ուղղություններ – անդամները քննարկեցին ENQA-ի հաջորդ ռազմավարությունը՝ ուղղված ոլորտի զարգացման հիմնական առաջնահերթություններին, որոնք պետք է հաստատվեն 2025 թ.-ին:
- Գործակալությունների համագործակցություն – քննարկվեցին հաջողված օրինակներ, թե ինչպես են տարբեր երկրներում որակի ապահովման գործակալությունները համագործակցում միմյանց հետ՝ լավագույն փորձի փոխանակման նպատակով:
ՈԱԱԿ-ի տնօրեն, ENQA խորհրդի անդամ Ռուբեն Թոփչյանը «Թվայնացում և տվյալների հիմքով որակի ապահովում» թեմայով պանելային քննարկում վարեց։ Քննարկվեց, թե ինչպես կարող են թվային տեխնոլոգիաները նպաստել որակի ապահովման համակարգերի կատարելագործմանը, ինչպես կարող է ԱԲ-ն կիրառվել ՈԱ համակարգում, ինչու է կարևոր ՈԱ գործընթացների թվայնացումը։