Դեկտեմբերի 6-ին ՈԱԱԿ հիմնադրման 15-ամյակի միջոցառումների շրջանակում տեղի ունեցավ «Տնտեսական աճը կարողությունների զարգացման միջոցով» թեմայով ՄԿՈՒ համաժողովը, որին մասնակցում էին նաև մեծ թվով գործատուներ:
Գործատուների և ՄԿՈՒ ոլորտի ներկայացուցիչները «Տնտեսական զարգացում՝ համահնչեցնել ՄԿՈՒ կրթական ծրագրերն արդյունաբերության կարիքներին» թեմայով պանելային քննարկման արդյունքում մատնանշեցին հիմնական խնդիրները և գործունեության ուղղությունները․
- Աշխատաշուկայի կարիքներին համապատասխան մասնագետներ թողարկելու հարցում հաջողություն ունեն այն քոլեջները, որոնք ակտիվ համագործակցում են գործատուների հետ:
- Կարևոր է, որ քոլեջի տնօրենը լինի նախաձեռնող, հստակ պատկերացնի բիզնեսը, աշխատաշուկան և նրա կարիքները:
- Գործատուներին քոլեջում որպես դասավանդող ներգրավելը բարդ է ցածր վարձատրության պատճառով: Բայց լուծման ուղիներ գտնել հնարավոր է:
- ՄԿՈՒ ոլորտում ևս, մասնագիտական կարողություններից և հմտություններից բացի, կարևոր են փափուկ հմտությունները, ինչպիսիք են հաղորդակցվելու, որոշումներ կայացնելու, փոփոխություններին արձագանքելու կարողությունները:
- Գործատուն մասնագիտական հմտություններից բացի կարևորում է նաև թվային հմտություններ ունենալը:
- Գործատուն երբեմն արձանագրում է, որ ուսանողի մոտ մասնագիտական հմտությունը ձևավորվել է, բայց չի համապատասխանում աշխատանքային ռիթմին: Ուստի գործատուն կարևորում է նաև դասավանդման ընթացքում տրվող առաջադրանքները. դրանք պետք է համապատասխանեն աշխատանքային միջավայրին և պայմաններին:
Քննարկման ընթացքում նշվեց, որ կրթական ծրագրերի համահնչեցման արդյունքում քոլեջն ունենում է.
- աշխատաշուկայի կարիքներին համապատասխան մշակված կրթական ծրագրեր,
- գործատուների ռեսուրսների համատեղ օգտագործման հնարավորություն ուսանողների կարողությունների զարգացման նպատակով,
- գործատու-դասախոսների ներգրավման հնարավորություն՝ աշխատաշուկա մուտք գործելու պատրաստ շրջանավարտներ թողարկելու նպատակով,
- շրջանավարտների զբաղվածության ցուցանիշների բարձրացում:
Գործատուն ունենում է.
- մասնագիտական կարողություններ և փոխանցելի հմտություններ ունեցող մասնագետների ներգրավման հնարավորություն,
- պրակտիկ միջավայրում գործունեության փորձ ունեցող, կարողունակ աշխատուժ:
Պանելային քննարկման մասնակիցներն էին՝
- ««Ֆերտի» բարեգործական կենտրոն» ՀԿ -ի տնօրեն Խաչիկ Սահակյանը,
- Ֆրանս-հայկական ուսումնական կենտրոնի ուսումնական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ Ելենա Մարիտրոսյանը,
- Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի «Մասնագիտական կողմնորոշման և կարողությունների զարգացման կենտրոնի» տնօրեն Հայկուհի Գևորգյանը,
- Միասնական սոցիալական ծառայության Շենգավիթի տարածքային կենտրոնի տնօրեն Արտավազդ Թորոսյանը:
Պանելային քննարկումը վարում էր ՈԱԱԿ փորձագետ Արմենուհի Մհերյանը: