Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) վերապատրաստում է 20 քոլեջների աշխատակիցներին, որոնք ընթացիկ տարում պետական ֆինանսավորմամբ ինստիտուցիոնալ հավատարմագրում են անցնելու: Վերապատրաստված մասնագետները կընդգրկվեն քոլեջների ինքնավերլուծություն իրականացնող խմբերում՝ հավատարմագրման 10 չափանիշների շրջանակում վերլուծելու իրենց ուսումնական հաստատության գործունեությունը:
Դասընթացի մեկնարկին քոլեջների աշխատակիցները քննարկում ունեցան ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանի հետ: Առանցքում հավատարմագրման դերն էր ՄԿՈՒ հաստատությունների նպատակների իրագործման համատեքստում:
Կարևորվեց, որ ինքնավերլուծություն իրականացնելիս քոլեջները.
- ցույց տան տեղի ունեցող փոփոխությունների, գործընթացների փոխկապակցվածությունը և պատճառահետևանքային կապը,
- ներկայացնեն տեղի ունեցող փոփոխությունների ազդեցությունն ուսանողների վրա և դրանց դերը ՄԿՈՒ հաստատության նպատակների իրագործման մեջ,
- ցույց տան ռազմավարական կառավարումը և որոշումների տվյալահենք լինելը,
- իրենց գործունեությունը վերլուծեն քոլեջ-գործատու համագործակցության համատեքստում,
- ներկայացնեն իրենց հաջողված փորձը և դրան հասնելու ճանապարհը:
Կարևորվեց, որ ինքնավերլուծությունը շարադրելուց առաջ քոլեջները յուրաքանչյուր չափանիշի համար ունենան ՄԿՈՒ ուժեղ և բարելավման ենթակա կողմերը, ըստ այդմ նոր վերլուծություն իրականացնեն:
Եռօրյա դասընթացի շրջանակներում ՈԱԱԿ մասնագետները դասընթացի մասնակիցներին կներկայացնեն հավատարմագրման գործընթացի փուլերն ու ընթացակարգերը, հավատարմագրման չափանիշները և չափորոշիչները, ինքնավերլուծություն իրականացնելու առանձնահատկությունները և ՄՈՒՀ-ի գործունեությունը վերլուծելու սկզբունքները: Դասընթացի շրջանակներում անդրադարձ կկատարվի նաև SWOT վերլուծության իրականացմանը, ինստիտուցիոնալ հավատարմագրման հարցաշարին:
Հաջորդիվ ՈԱԱԿ-ը փորձագետների պատրաստման դասընթացներ կիրականացնի հավատարմագրվող 20 քոլեջների աշխատակիցների և ուսանողների համար՝ նրանց փորձագետների բազայում, հետագայում նաև հավատարմագրման գործընթացներում ընդգրկելու համար: