COVID 19 համավարակն անդրադարձել է նաև ՄՈՒՀ-երի հավատարմագրման գործընթացի վրա ողջ աշխարհում։ Ինչպիսի՞ն է համավարակի պայմաններում հավատարմագրման միջազգային փորձը։ Ի՞նչ ռիսկեր ունեն հավատարմագրման գործընթացները համավարակի պայմաններում։ Ի հայտ եկած մարտահրավերներին ի՞նչ լուծումներ են առաջարկում հավատարմագրման գործակալությունները տարբեր երկրներում։ Այս և այլ թեմաների մասին է պատմում Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) Ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման բաժնի ղեկավար Վարդուհի Գյուլազյանը։
-Համավարակը մարտահրավեր է հավատարմագրման գործընթացների իրականացման առումով։ Հավատարմագրման գործակալությունները ողջ աշխարհում երկընտրանքի առջև են․ հետաձգել գործընթացներն անորոշ ժամանակով կամ գտնել այլընտրանքային լուծումներ։ Այս առումով ինչպիսի՞ն է միջազգային փորձը։
- ՈԱԱԿ-ը միջազգայնացված կառույց է, սերտորեն շփվում է ENQA, INQAAHE և մյուս ցանցերի գործընկերների հետ, ուստի հայաստանյան փորձը նման է միջազգային փորձին։
Համավարակի սկզբնական շրջանում հավատարմագրման գործակալությունների մեծամասնությունն անորոշ ժամկետով հետաձգեց հավատարմագրումները։ Իրականացվում էին բացառապես նախնական հավատարմագրումները․ սա հավատարմագրման տեսակ է, որը միայն փաստաթղթային վերլուծություն է ենթադրում։
Շուտով, սակայն, պարզ դարձավ, որ համավարակային այս իրավիճակը սպասվածից շատ ավելի երկար կպահպանվի։ Ուստի հավատարմագրման գործակալությունները սկսեցին այլընտրանքային լուծումներ փնտրել։ Օրինակ՝ Իսպանիայում, Նիդեռլանդներում, Ուկրաինայում, Ռուսաստանում և շատ այլ երկրներում փորձարկում են առցանց հավատարմագրումները։
Քանի որ եվրոպական երկրներում համավարակային իրավիճակն արդեն մեղմվել է, շատ գործակալություններ արդեն փորձարկում են հավատարմագրման խառը տարբերակը, այսինքն՝ օտարերկյա փորձագետը միանում է օնլայն, սակայն տեղացի փորձագետներն այցելում են բուհ։ Այսպիսով նրանք տեղում, պահպանելով անվտանգության կանոնները, կարողանում են դիտարկել ռեսուրսները և ուսումնական միջավայրը։ Հանդիպումների մի մասը, սակայն, էլի օնլայն տարբերակով է տեղի ունենում։
Կան երկրներ, որոնք անժամկետ հետաձգել են հավատարմագրումները։ Այդպիսի երկրներից է Ղազախստանը, որտեղ առցանց հավատարմագրումներն արգելված են օրենքով։
Այսինքն մոտեցումները տարբեր են։ Մի կարևոր դիտարկում․ ENQA-ն և EQAR-ը չեն սահմանափակում անդամ հավատարմագրման գործակալություններին։ Նրանք լիովին ազատ են այլընտրանքային լուծումներ գտնելու կամ գործընթացները հետաձգելու առումով։ Սակայն, ինչ էլ ձեռնարկեն, մտքում պետք է ունենան եվրոպական կրթական տարածքում որակի ապահովման չափանիշները և ուղենիշները, իհարկե, հաշվի առնելով նաև առկա իրավիճակը և ռիսկերը։
-Առցանց և խառը հավատարմագրումներն ի՞նչ ռիսկեր ունեն։
- Առցանց հավատարմագրման մեծագույն ռիսկն այն է, որ անորոշ է բուհի ռեսուրսները և ուսումնական միջավայրը դիտարկելու մասը։ Առցանց հավատարմագրում փորձարկած գործակալություններն էլ այս խնդրին լուծում դեռևս չունեն։
Բուհ այցելության ժամանակ փորձագետը հնարավորություն ունի տեսնելու այն, ինչ առցանց տեսանելի չէ՝ սկսած զրուցակիցների ժեստերի լեզվից մինչև բուհի աշխատակիցների, ուսանողների վարքը, փոխհարաբերությունները և այլն։ Մինչդեռ առցանց հավատարմագրման ժամանակ փորձագետը տեսնում է միայն այն, ինչ մյուս կողմը ցանկանում է ցույց տալ։ Այս առումով ռիսկեր ունեն նաև բուհերը։ Կարող է լինել այնպիսի իրավիճակ, որ բուհը առցանց հարթակում չկարողանա ցուցադրել իր կարողությունների և գործընթացների ողջ գունապնակը։
Խառը մոտեցմամբ հավատարմագրումը ևս իր ռիսկերն ունի, բայց ավելի քիչ։ Այս պարագայում խնդիր է ՄՈՒՀ-ի ռեսուրսները կիրառության մեջ տեսնելը։
Համավարակի սկզբնական շրջանում հավատարմագրումները հետաձգվեցին նաև այն պատճառով, որ բուհերը հնարավորություն ստանան արտակարգ իրավիճակի շրջանի իրենց գործունեությունը վերլուծել և արտաքին գնահատողին ի ցույց դնել, թե ինչպես են կարողացել կառավարել ի հայտ եկած ռիսկերը և որքանով են պահպանել իրենց կայունությունը։ Սա ևս համավարակի ընթացքում հավատարմագրման մարտահրավերներից է։
-Ի՞նչ առանձնահատկություններ ունեն համավարակի ընթացքում իրականացվող հավատարմագրումները։
-Հավատարմագրումը դիտարկում է բուհի որակի ապահովման համակարգի գործունեությունը, նախորդ տարիների փորձը և ըստ այդմ վստահություն հայտնում ապագա գործունեությանը որոշակի ժամանակահատվածով։ Այս պայմաններում ՄՈՒՀ-երը պետք է կարողանան ցույց տալ նաև, թե արտակարգ դրության պայմաններում ինչպես են դիմագրավել ռիսկերը, ինչպես է գործել որակի ապահովման համակարգը ստեղծված իրավիճակում։
-Ինչպիսի՞ն է ՈԱԱԿ-ի մոտեցումը և փորձը համավարակի պայմաններում հավատարմագրման առումով։
- Համավարակի սկզբնական փուլից սկսած ՈԱԱԿ-ը քննարկումներ է ունեցել թե բուհերի, թե փորձագետների, թե Հավատարմագրման հանձնաժողովի հետ։ Մեր շահակիցները, ամբողջությամբ դեմառդեմ այցի իրականացման անհնարինության պարագայում նախընտրում են խառը մոտեցմամբ հավատարմագրումը։ Արդեն իսկ միջազգային փորձագետների հետ պայմանավորվածություններ ունենք, որպեսզի նրանք հավատարմագրումներին մասնակցեն առցանց։ Առաջիկայում արդեն կմեկնարկեն հավատարմագրման այս մոտեցմամբ գործընթացները;
Հիբրիդային հավատարմագրման պարագայում ՈԱԱԿ-ը պարտադիր պայման է համարում, որ ինքնավերլուծություն ներկայացնելուց առաջ բուհերը լրացրած լինեն ինստիտուցիոնալ տվյալների էլեկտրոնային հարցաշարը։
Նախապատրաստվելով հիբրիդային ձևաչափով հավատարմագրումներին՝ այս ընթացքում ՈԱԱԿ-ը փորձարկել է առցանց գործընթացները մշտադիտարկումների համատեքստում։ Արդյունքում դուրս ենք բերել մի շարք խնդիրներ և մշակել մոտեցումներ, որոնք կկիրառվեն հետագա գործընթացների պարագայում։
Հիբրիդային գործընթացներին նախապատրաստվել է թե ՈԱԱԿ-ի աշխատակազմը, թե փորձագետների համար ենք վերապատրաստումներ իրականացրել։