ՏԵՄՊՈՒՍ-ի GOVERN ծրագրի տեղացի ու արտասահմանյան շահակիցները Երևանում են՝ ամփոփելու ծրագրի հիմնական ձեռքբերումները և ազդեցությունը բարձրագույն կրթական համակարգի վրա։ Հայաստանի ամերիկյան համալսարանում մեկնարկել է GOVERN-ի ամփոփիչ համաժողովը։
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) ծրագրի շահակիցներից մեկն է։
«Աջակցություն բուհական ինքնավարությանը և հաշվետվողականությանը. բարձրագույն կրթության կառավարման ժամանակակից և Բոլոնիայի գործընթացի սկզբունքներին համահունչ համակարգի մշակում` արդյունավետ փոփոխությունների իրականացման նպատակով» ազգային ծրագրի շրջանակներում շահակից բուհերը մի շարք փաստաթղթեր են վերանայել, ապա իրականացրել են SWOT վերլուծություն։ ՈԱԱԿ-ը, վերլուծությունների հիման վրա, բուհերին բարելավման խորհրդատվություն է մատուցել։ Հաջորդիվ՝ ծրագրի շահակից բուհերն իրականացրել են ինքնավերլուծություն և արտաքին գնահատում անցել՝ բուհերի կառավարման համակարգի արդյունավետության տեսանկյունից։ Գործընթացը համակարգել են Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը և Գերմանիայի բնական գիտությունների, ճարտարագիտության, ինֆորմատիկայի և մաթեմատիկայի որակի ապահովման կենտրոնը (ASIIN)։
Ծրագրի շրջանակներում ՈԱԱԿ-ի և ASIIN-ի համակարգմամբ ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթաց են անցել Գավառի պետական համալսարանը և Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիան։ ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովի որոշմամբ ԳՊՀ-ին շնորհվել է ինստիտուցիոնալ հավատարմագրում 4 տարի ժամկետով, իսկ ԵԳՊԱ-ի վերաբերյալ որոշում դեռևս չի կայացվել։
Այսօր համաժողովի շրջանակներում ծրագրի շահակիցները, ի թիվս այլ թեմաների, կքննարկեն նաև բուհերի արտաքին գնահատումը։ Քննարկումը կնախագահի ՈԱԱԿ Ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման բաժնի ավագ մասնագետ, ՈԱԱԿ-ում GOVERN ծրագրի համակարգող Վարդուհի Գյուլազյանը։
GOVERN ծրագրի ընդհանուր նպատակն է հնարավոր դարձնել հայկական բուհերում ժամանակակից կառավարական համակարգի կիրառությունը, խրախուսել արդյունավետ կառուցվածքային փոփոխություններ Բոլոնիայի օրակարգին համահունչ, ընդլայնել բուհի ինքնավարությունն ու պատասխանատվությունը: