ՈԱԱԿ փորձագիտական բազան համալրելու և ՀՀ-ում փորձագիտական կարողությունները զարգացնելու նպատակով մարտի 27-28-ը Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնում (ՈԱԱԿ) տեղի է ունենում ՄԿՈՒ ոլորտի փորձագետների պատրաստման դասընթաց, որին մասնակցում են դասախոսական ու վարչական կազմի 20 ներկայացուցիչներ մասնագիտական ուսումնական 8 հաստատություններից:
Դասընթացի շրջանակներում քննարկվել է, թե փորձագետներն ինչպիսի կարողություններ և հմտություններ պետք է ունենան։ Հանդիպման ընթացքում ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանն ընդգծեց՝ փորձագետը պետք կարողանա․
- Ձևակերպել այնպիսի հարցեր, որով հնարավոր կլինի վեր հանել քոլեջի լավագույն փորձը և այն ոլորտները, որոնց զարգացման ուղղությամբ կարելի է քայլեր իրականացնել,
- Պարզել՝ ուսումնական հաստատությունն ունի տարբեր կարողություններ ունեցող ուսանողներին սովորեցնելու ռազմավարություն և դասավանդման մոտեցումների շարունակական զարգացման մեխանիզմներ,
- Ուսումնասիրել՝ արդյոք ՄԿՈՒ հաստատությունում դասախոսները տիրապետում և կիրառում են թվայնացման գործիքներ և նախաձեռնողական են կրթական ծրագրերը բարելավելու ուղղությամբ,
- Վերլուծել՝ ինչպես է որակի ապահովման ներքին համակարգը հավաստում քոլեջում ընթացող գործընթացների արդյունավետությունը։
Դասընթացի մասնակիցների հետ քննարկման առանցքում էր նաև որակավորումների արժանահավատ շնորհումը՝ անդրադառնալով հետևյալ ուղղություններին․
- ձևավորող գնահատման և հետադարձ կապի դերը վերջնարդյունքների ձևավորման մեջ,
- գործատուների համատեքստին համապատասխան առաջադրանքների իրականացումն ուսանողների կողմից,
- գործատուների հետ համատեղ ռազմավարության միջոցով ռեսուրսների ու ենթակառուցվածքների օգտագործումն աշխատաշուկայի պահանջները բավարարող մասնագետներ թողարկելու համար,
- օտար լեզվի իմացության պահանջը՝ մասնագիտական զարգացումը խթանելու և լավագույն փորձի ուսումնասիրման համար
- դասի պլանավորմանը որպես դասախոսի որակի ապահովման և սահմանված վերջնարդյունքների ձեռքբերման գործիք։
Դասընթացի մասնակիցները վերապատրաստման երկրորդ օրը գործնական առաջադրանքների միջոցով փորձնական արտաքին գնահատում կիրականացնեն պայմանական ՄԿՈՒ հաստատությունում, որի նպատակն է ապագա փորձագետների մոտ ձևավորել եզրահանգումներ և դատողություններ անելու հմտություններ։