«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի հայտարարած կրթության որակի ապահովման շաբաթն ամփոփվեց: Մեկ շաբաթ շարունակ ՈԱԱԿ-ի աշխատակազմը, բուհերի ներկայացուցիչները, ուսանողները, տեղացի ու միջազգային փորձագետները քննարկեցին կրթության որակի ապահովման ընթացիկ և սպասվող գործընթացները, ծանոթացան տեղական ու միջազգային հաջողված փորձին:
«Համաժողովը ցույց տվեց, որ հանրությունը գիտակցում է կրթական համակարգի խնդիրները, մտահոգված է դրանցով, նաև քայլեր են ձեռնարկվում դրանք շտկելու ուղղությամբ: Ամրագրեցինք փաստը, որ առաջնային է որակի բարելավումը, ոչ թե հավաստումը,- ասաց ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը`ամփոփելով միջոցառման արդյունքները:- Համաժողովից արված երկրորդ կարևոր եզրակացությունն այն է, որ միայն երկխոսության միջոցով կարելի է լուծումներ դուրս բերել: Եվ մենք ճիշտ ուղով ենք ընթանում»:
Պարոն Թոփչյանը կարևորում է նաև հանգամանքը, որ գործընթացի բոլոր շահակիցներն այլևս նույն լեզվով են խոսում. տերմինների ընկալումը նույնական է: Նա առանցքային է համարում ինստիտուցիոնալ հավատարմագրման մինչ այս եղած գործընթացների ամփոփումն ու ծրագրային հավատարմագրման նոր փուլի մեկնարկը:
«Արձագանք ստացանք նաև միջազգային փորձագետներից թե ձեռքբերումների, թե առկա բացերի վերաբերյալ: Կարևորում եմ նաև միջազգային ճանաչում ունեցող հայաստանյան բուհի`Ամերիկյան համալսարանի փորձի ներկայացումը»,- ասաց Թոփչյանը:
Որակի ապահովման շաբաթվա իրենց գնահատականը ներկայացրեցին նաև միջոցառման մասնակիցները:
Բելգիայի Լյուվենի համալսարանի պրոֆեսոր, ֆիզ. մաթ. գիտությունների դոկտոր Անդրե Գովարտ. «Նման իրադարձությունները չափազանց կարևոր են, քանի որ կրթության ոլորտի տարբեր շահակիցներին մեկ տեղում են հավաքում: Կոնֆերանսը մեկը մյուսից սովորելու, կարծիքներ փոխանակելու լավագույն հնարավորությունն է: Որակի ապահովման շաբաթը կրթությամբ հետաքրքրվող անձանց միավորող լավ գաղափար է:
Իսկ ամենամեծ արդյունքն այն է, որ որոշակի հարցերի շուրջ հավաքագրվում են մարդկանց կարծիքները և արվում է համապատասխան եզրակացություն:
Բելգիացի փորձագետ Ռոմեին Հուլպա (խորհրդական CVOA HAL-ում). «Որակի շաբաթը բուհերի համար միմյանց հետ շփվելու լավ հնարավորություն է: Իսկ նման միջոցառումների ամենամեծ ձեռքբերումն այն է, որ մեկ տեղում են հավաքվում բուհերը և ՈԱԱԿ-ը`երկու խմբերը, որոնք ըստ էության ընկերներ չեն, քանի որ մեկը վերահսկում է մյուսին: Սակայն շաբաթվա ավարտին ես այլևս երկու խումբ չէի տեսնում, այլ ընդհանուր մեկ խումբ էր, որտեղ բոլորն ունեին նույն մտահոգություններն ու խնդիրները: Սա նշանակում է, որ մեկնարկը ճիշտ է և ճիշտ ճանապարհի վրա են:
Կարծում եմ, որ տարեկան գոնե երկու անգամ շահակիցների հետ պետք է նման քննարկումներ ունենալ, բայց օրակարգում ավելի քիչ թեմաներ ընդգրկելով:
Կոնֆերանսը հիանալի էր կազմակերպված, իր նպատակին առավելագույն չափով ծառայեց: Ինձ համար մեծ պատիվ էր նման մակարդակի կոնֆերանսին մասնակցելը»:
Հայաստանում «Էրազմուս պլյուս» ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովա. «Մեզ մոտ շփումները շատ քիչ են, այսպիսի քննարկումները պետք է ավելի շատ լինեն, ընդլայնվեն ու ընդգրկեն ավելի շատ համալսարաններ: Ակնհայտ է, որ շատ ու շատ հարցեր կան, որոնք չեն լուծվում ամբիոններում, ֆակուլտետներում: Որակի շաբաթը այդ կուտակված հարցերը քննարկելու և դրանց համար լուծում գտնելու լավագույն միջոցն է»:
ՈԱԱԿ փորձագետ, ՀՊՏՀ դոցենտ Տիգրան Մնացականյան. «Որակի շաբաթն առանձին նշանակություն ունի ամեն խումբ շահակիցների համար: Փորձագետների պարագայում սա լրացուցիչ վերապատրաստումների և փորձի փոխանակման հնարավորություն է: Հատկապես կարևոր էր, որ միջազգային փորձագետներ էին մասնակցում միջոցառմանը և հնարավոր եղավ մի շարք հարցերի վերաբերյալ նրանց կարծիքը լսել»: