Ինստիտուցիոնալ հավատարմագրման նպատակով առաջիկայում փորձագիտական այցեր տեղի կունենան Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական, Երևանի թեթև արդյունաբերության պետական, Արարատի պետական և Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջներ։ Ապրիլի 7-ին տեղի ունեցավ հանդիպում ՈԱԱԿ տնօրենի, Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի ղեկավարի, համակարգողների և չորս քոլեջների փորձագիտական խմբերի մասնակցությամբ։
Սա 4 քոլեջների համար հավատարմագրման երկրորդ շրջափուլն է, ուստի հանդիպման հիմնական թեմաները ներառում էին ուսումնական հաստատությունների առաջընթացը նախորդ հավատարմագրումից ի վեր, հավատարմագրման ազդեցությունը կրթական գործընթացի վրա և բարելավման ծրագրերի իրականացման արդյունքները։ Փորձագիտական խմբերը ներկայացրին նախնական գնահատման արդյունքները և վերհանված խնդիրները, որոնց վրա կկենտրոնանան արտաքին գնահատման ընթացքում։
Քննարկվեցին հետևյալ հարցերը.
- ՄՈՒՀ-երի՝ իրենց արդյունավետությունը գնահատելու ցուցանիշները,
- ՄՈՒՀ-երի կողմից շնորհվող որակավորումների արժանահավատությունը,
- քոլեջ-գործատու համագործակցությունը, պրակտիկաների կազմակերպման և անցկացման արդյունավետությունը,
- հետազոտական բաղադրիչի առկայությունը կրթական գործընթացում և ուսանողներին տրվող հանձնարարականների հետազոտական բնույթը,
- ՄԿԾ-ների պահանջվածությունը աշխատաշուկայում և ՄՈՒՀ-երի արձագանքը շուկայի կարիքներին,
- ռեսուրսների և դասախոսական կազմի, այդ թվում՝ գործատու-դասախոսների առկայությունը,
- ուսանողների գնահատման մոտեցումները և ձևավորող գնահատման մեթոդաբանության կիրառումը,
- հանրակրթական առարկաների բաշխվածությունն ու ուսուցման արդյունավետությունը,
- քոլեջների ձեռնարկած քայլերը՝ միջազգային ծրագրերում ներգրավվելու, արտաքին համագործակցություններ զարգացնելու և ֆինանսական հոսքերի նոր աղբյուրներ գտնելու ուղղությամբ։
Կարևորվեց, որ փորձագետների խորհրդատվությունները լինեն հստակ ձևակերպված, իրագործելի՝ մատնանշելով ուսումնական հաստատության խնդիրների լուծման ճանապարհները։