Կրթության որակի ապահովման աջակիցների ցանցին անդամակցության գործընթացը շարունակվում է: Երևանյան և մարզային մի շարք պետական և ոչ պետական մասնագիտական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ արդեն իսկ դարձել են Որակի ապահովման շահակիցների ցանցի անդամ:
Ցանցին միանալու համար հարկավոր է նամակ գրել info@anqa.am էլ փոստին՝ վերնագրում նշելով՝ ՈԱ աջակիցների ցանցին միանալու հայտ: Իսկ նամակում պետք է նշել անունը, ազգանունը, ուսումնական հաստատությունը, կոնտակտային տվյալները:
Որակի ապահովման աջակիցների ցանցի մեկնարկը տրվեց փետրվարի 20-24-ին կայացած կրթության որակի ապահովման շաբաթվա ընթացքում: Ցանցի նպատակն է նպաստել կրթության որակի ապահովման մշակույթի ձևավորմանը և զարգացմանը, մասնագիտական կրթության ոլորտում քաղաքականության բարելավմանը և ցանցի և դրա անդամների կարողությունների զարգացմանը:
Ցանցին կարող են անդամակցել ուսանող-փորձագետներ և շրջանավարտներ, միջազգային փորձագետներ, բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ:
Ցանցի հիմնական գործառույթներն են լինելու դրական փորձի ձեռքբերումը, փոխանակումը և տարածումը; ցանցի անդամներին հուզող հարցերի բարձրաձայնումը և անդամների ձայնի լսելիության ապահովումը; միասնական հարթակի ստեղծումը ընդհանուր տեսլականի ձևավորման և վստահության մթնոլորտի ստեղծման նպատակով; ռեսուրսների միավորումը և այլն:
Կրթության որակի ապահովման աջակիցների ցանցն առաջնորդվում է «Մենք համագործակցում ենք, ուսանողները՝ շահում» կարգախոսով: