Դեկտեմբերի 14-17-ը փորձագետների խումբն ինստիտուցիոնալ հավատարմագրման նպատակով արտաքին գնահատում կիրականացնի Երևանի «Գլաձոր» համալսարանում։
Նշենք, որ «Գլաձոր» համալսարանը 4 տարով ինստիտուցիոնալ հավատարմագրում է ստացել 2015թ․, այժմ բուհը վերահավատարմագրման փուլում է։
Ինստիտուցիոնալ հավատարմագրման 10 չափանիշներով արտաքին գնահատում իրականացնելու համար փորձագետներն առցանց հանդիպումներ կունենան բուհի վարչական ղեկավարության, ինքնավերլուծություն իրականացրած աշխատանքային խմբի, որակի պատասխանատուների, ՄԿԾ-ների պատասխանատուների, ինչպես նաև դասախոսների, ուսանողների, ուսանողական ինքնակառավարման մարմինների, շրջանավարտների, գործատուների ներկայացուցիչների հետ։
Իսկ մինչ այս փորձագետներն ուսումնասիրել են «Գլաձոր» համալսարանի ինքնավերլուծությունը, դուրս բերել ուժեղ և թույլ կողմերը և նախնական գնահատում իրականացրել։
Գործընթացի ավարտին հավատարմագրման որոշումը կայացնելու է Հավատարմագրման հանձնաժողովը՝ հիմնվելով փորձագետների զեկույցի, բուհի ինքնավերլուծության և փորձագետների մատնանշած թերությունների վերացման ծրագրի վրա։
«Գլաձոր» համալսարանում արտաքին գնահատում իրականացնող փորձագիտական խմբի ղեկավարն է տնտեսագիտության թեկնածու, ասիստենտ, ՀՊՏՀ դասախոս Տիգրան Մնացականյանը։ Խմբի մյուս անդամներն են իրավագիտության դոկտոր, բարձրագույն կրթության որակի ապահովման հարցերով խորհրդատու Մարգարեթ Թաբլերը, ֆիզ․մաթ․ գիտությունների թեկնածու,դոցենտ, Շիրակի պետական համալսարանի Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնի տնօրեն Արմենուհի Սարգսյանը, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, Ստեփանակերտի Մ․ Մաշտոց համալսարանի իրավագիտության ամբիոնի վարիչ Սիրանուշ Պետիկյանը և ԵՊՀ ուսանողուհի Անահիտ Կարապետյանը։ Գործընթացը համակարգում է ՈԱԱԿ մասնագետ Մերի Բարսեղյանը։