Երևանի Վ․ Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը և Ոստիկանության կրթահամալիրը ստացել են ինստիտուցիոնալ հավատարմագրում 4 տարի ժամկետով։
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնում տեղի ունեցավ Հավատարմագրման հանձնաժողովի նիստ։ Օրակարգում երկու ուսումնական հաստատությունների հավատարմագրման հարցն էր։
ԵՊԼՀ-ում արտաքին գնահատում իրականացրած փորձագիտական խմբի ղեկավար Մարգարիտա Պողոսյանը հանձնաժողովին ներկայացրեց բուհի ուժեղ և թույլ կողմերը, նախորդ հավատարմագրման ժամանակ հաստատված բարելավման պլանի իրագործման արդյունքները։ Պողոսյանը նշեց, որ բուհը հիմնականում իրագործել է առաջին հավատարմագրման արդյունքում կազմված թերությունների վերացման ծրագիրը, բուհում նախկինում արձանագրված խնդիրները մեծամասմանբ լուծվել են։ Այնուամենայնիվ, ըստ փորձագետի, բուհը դեռևս անելիքներ ունի, հատկապես հետազոտության և ռեսուրսների տիրույթում։
Ոստիկանության կրթահամալիրում արտաքին գնահատում իրականացրած փորձագիտական խմբի ղեկավար Գագիկ Քթրյանն էլ ներկայացրեց այս ուսումնական հաստատության ուժեղ և թույլ կողմերը, ուսումնական հաստատության կազմած թերությունների վերացման ծրագրի իրատեսականությունը։ Բուհի ներկայացուցիչները շեշտեցին, որ կարևորում են փորձագետների մատուցած յուրաքանչյուր խորհրդատվությունը և պատրաստակամ են քայլեր ձեռնարկելու դրանց իրագործման և ուսումնական հաստատության հետագա բարելավման ուղղությամբ։
Դռնփակ քննարկման և քվեարկության արդյունքում Հավատարմագրման հանձնաժողովը երկու ուսումնական հաստատություններին էլ շնորհեց ինստիտուցիոնալ հավատարմագրում 4 տարի ժամկետով։
Նշենք, որ սա ԵՊԼՀ-ի 2-րդ հավատարմագրումն էր․ բուհն առաջին անգամ 4 տարով ինստիտուցիոնալ հավատարմագրում ստացել էր 2015-ին։