«Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարանին շնորհվեց պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագրում երկու տարի ժամկետով, իսկ Երևանի գյուղատնտեսական համալսարանի հավատարմագրումը մերժվեց: Նման որոշում կայացրեց «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի հավատարմագրման հանձնաժողովն այսօր տեղի ունեցած նիստում:
Այս բուհերը Համաշխարհային բանկի «Կրթության որակ և համապատասխանություն» 2-րդ վարկային ծրագրով ինստիտուցիոնալ հավատարմագրում անցած վերջին երկու բարձրագույն ուսումնական հաստատություններն էին:
Ըստ հավատարմագրման կարգի` պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագրում ստացած բուհը 6 ամիսը մեկ պարբերականությամբ պետք է փորձագիտական զեկույցում մատնանշված թերությունների վերացման ծրագրի իրականացման վերաբերյալ հաշվետվություն ներկայացնի ՈԱԱԿ:
Իսկ հավատարմագրում չստացած բուհը, փորձագիտական զեկույցում մատնանշված խնդիրները վերացնելուց հետո կարող է նորից դիմել`ինստիտուցիոնալ հավատարմագրում անցնելու:
Ավելի վաղ ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովն որոշում էր կայացրել ևս 10 բուհերի ինստիտուցիոնալ հավատարմագրման վերաբերյալ` Երևանի պետական համալսարանին շնորհելով 6, Երևանի պետական բժշկական համալսարանին, Հայաստանի ազգային պելիտեխնիկական համալսարանին, Հայաստանի ազգային ագրարային համալսարանին, Երևանի «Գլաձոր» համալսարանին, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանին , Երևանի պետական կոնսերվատորիային, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանին և ՀՀ պետական կառավարման ակադեմիային` 4 տարով հավատարմագրում, իսկ Հյուսիսային համալսարանին 2 տարով պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագրում: