Երևանի գեղարվեստի պետական ակադեմիան և ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան ինստիտուցիոնալ հավատարմագրում կանցնեն:
Երկու բարձրագույն ուսումնական հաստատություններն արդեն իսկ Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն են ներկայացրել ինքնավերլուծությունը:
Յուրաքանչյուր բուհի համար կձևավորվի փորձագիտական խումբ, որում ընդգրկված կլինեն տեղացի ու միջազգային փորձագետներ, ինչպես նաև մեկ ուսանող-փորձագետ:
Փորձագիտական խումբը կուսումնասիրի բուհի ինքնավերլուծությունը, ապա տեղի կունենա այց ուսումնական հաստատություն, որտեղ կդիտարկվեն ռեսուրսները, կուսումնասիրվեն փաստաթղթերը, ինչպես նաև հանդիպումներ տեղի կունենան ղեկավար կաղմի, վարչական և պրոֆեսորադասախոսական աշխատակազմի, ուսանողների հետ: Այնուհետև փորձագիտական խումբը զեկույց կկազմի՝ մատնանշելով բուհի ուժեղ ու թույլ կողմերը և բարելավման համապատասխան խորհրդատվություն մատուցելով: Ուսումնական հաստատությունը, հիմվելով փորձագետների խորհրդատվության վրա, մատնանշած թերությունների վերացման պլան կկազմի՝ հստակ ժամանակացույցով: Հավատարմագրման գործընթացը կամփոփվի հավատարմագրման հանձնաժողովի որոշմամբ:
Նշենք, որ ներկա պահին Հայաստանում գործող բուհերից 18-ը հավատարմագրված են, ևս 2-ի հավատարմագրման գործընթացն ընթացքի մեջ է: