Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի երիտասարդ դասախոսների հետ: Քննարկումը վարում էր ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը:
Հանդիպման մասնակիցները ներկայացրեցին խնդիրները, որոնց առավել հաճախ առնչվում են երիտասարդ դասախոսները: Քննարկեցին կրթության որակի ապահովման գործընթացները բուհերում: Անդրադարձ կատարվեց նաև գնահատմանը, կրեդիտային համակարգի կիրառման առանձնահատկություններին, ուսուցումը խթանելու, ուսանողին դասապրոցեսում ներգրավելու մեթոդներին, դրանց արդյունավետությանը, դասավանդման ժամանակակից մոտեցումներին, առարկայական ծրագրերի կազմմանը և դասախոսների ներգրավվածությանը դրանցում:
Փետրվարի 20-24-ին կայանալիք Որակի շաբաթվա միջոցառումներից մեկը նվիրված է լինելու երիտասարդ դասախոսներին: Նրանց հուզող խնդիրները վեր հանելու և աշխատաժողովի համար արդիական թեմա ընտրելու համար ՈԱԱԿ-ը համագործակցության է հրավիրել հայաստանյան բոլոր բուհերին: ՈԱԱԿ առաջարկին արձագանքել են 8 բուհեր, որոնց երիտասարդ դասախոսների հետ էլ խումբ առ խումբ հանդիպում-քննարկումներ են տեղի ունենում:
Արդեն իսկ հանդիպում տեղի ունեցել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի երիտասարդ դասախոսների հետ: Առաջիկայում հանդիպումներ տեղի կունենան նաև Երևանի պետական համալսարանի, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի, Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի, Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի, Շիրակի պետական համալսարանի (Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի) երիտասարդ դասախոսների հետ:
Հանդիպումների ընթացքում ակտիվությամբ ու նորարարական առաջարկներով աչքի ընկած մասնակիցները որպես բանախոսներ ելույթներ կունենան երիտասարդ դասախոսներին նվիրված աշխատաժողովի ժամանակ, ինչպես նաև հնարավորություն կստանան մասնակցել Որակի շաբաթվա մյուս միջոցառումներին: