Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնում այսօր տեղի ունեցավ հանդիպում Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի երիտասարդ դասախոսների հետ: Հանդիպումը վարում էր ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը:
Պարոն Թոփչյանը ԵԹԿՊԻ երիտասարդ դասախոսներին ներկայացրեց փետրվարի 20-24-ին կայանալիք Որակի շաբաթվա միջոցառումները՝ տեղեկացնելով, որ աշխատաժողովներից մեկը նվիրված լինելու երիտասարդ դասախոսներին:
Նա նշեց, որ տարբեր բուհերի երիտասարդ դասախոսների հետ հանդիպումների նպատակն է վեր հանել նրանց հուզող խնդիրները և դրանք քննարկման առարկա դարձնել աշխատաժողովի ընթացքում՝ լուծումներ գտնելու ակնկալիքով:
Քննարկման մասնակիցները կարևորեցին հատկապես դասախոսների սերնդափոխության խնդիրը, ցածր վարձատրությունը, որակյալ կրթություն կազմակերպելու համար ներբուհական ռեսուրսների պակասը և այլն: Անդրադարձ կատարվեց նաև փոքր վարձատրության պայմաններում դասախոսի՝ աշխատելու մոտիվացիայի, բարձր արվեստի նկատմամբ պահանջարկի պակասի և այլ խնդիրների:
Քննարկումների ժամանակ ակտիվությամբ ու առաջարկներով աչքի ընկած դասախոսները կհրավիրվեն մասնակցելու Որակի շաբաթվա միջոցառումներին:
Նշենք, որ ավելի վաղ ՈԱԱԿ-ում հանդիպում էր տեղի ունեցել Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի և Երևանի պետական համալսարանի երիտասարդ դասախոսների հետ: