Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնում այսօր տեղի ունեցավ հանդիպում Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի երիտասարդ դասախոսների հետ: Հանդիպումը վարում էր ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը:
Հանդիպման նպատակն էր վեր հանել երիտասարդ դասախոսներին հուզող խնդիրները՝ դրանք առաջիկա Որակի շաբաթվա շրջանակներում քննարկման առարկա դարձնելու և լուծման ուղիներ գտնելու համար:
Պարոն Թոփչյանը ՀՊՄՀ դասախոսներին ներկայացրեց փետրվարի 20-24-ին կայանալիք Որակի շաբաթվա միջոցառումները՝ շեշտելով երիտասարդ դասախոսներին նվիրված աշխատաժողովը:
Հանդիպման մասնակիցները քննարկեցին վերջնարդյունքահեն կրթությունը, դասավանդումը, ուսանողի գնահատումը, կրեդիտների հիմքում գնահատման ընկած լինելու անհրաժեշտությունը, ինչպես նաև կրթության կառավարման ժամանակակից մոտեցումները: Անդրադարձ կատարվեց դասաժամերի անբավարարության, դասախոսի մոտիվացման թեմաներին: Շեշտվեց իր աշխատանքը և արդյունքները հետազոտող դասախոսի դերն ու նշանակությունը:
Նշենք, որ ավելի վաղ ՈԱԱԿ-ում հանդիպում էր տեղի ունեցել Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի, Երևանի պետական համալսարանի և Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի երիտասարդ դասախոսների հետ: