«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի» (ՈԱԱԿ) տնօրեն Ռուբեն Թոփչյանն ընդունեց PL4SD (Փոխադարձ ուսուցանում հանուն կրթության սոցիալական ուղղվածության) ծրագրի փորձագիտական խմբին: Նրանք Հայաստանում են`ուսումնասիրելու մեր երկրի բարձրագույն կրթության համակարգը, մասնավորապես կրթության սոցիալական բաղադրիչը:
ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը եվրոպացի փորձագետներին ներկայացրեց Հայաստանում բարձրագույն կրթության առանձնահատկությունները, բուհերի հավատարմագրման գործընթացը, բուհերում առավել հաճախ հանդիպող խնդիրները, ինչպես նաև բուհ-աշխատաշուկա կապի միջոցները:
Եվրոպացի հյուրերը հետաքրքրվեցին, թե ինստիտուցիոնալ հավատարմագրում իրականացնելիս ՈԱԱԿ-ն որքանով է հաշվի առնում սոցիալական բաղադրիչը: Ի պատասխան պարոն Թոփչյանը նշեց, որ ինստիտուցիոնալ հավատարմագրման 10 չափանիշներից մեկը հենց հասարակական պատասխանատվությունն է:
Անդրադարձ կատարվեց նաև ՈԱԱԿ-ի սոցիալական պատասխանատվությանը: Այդ համատեքստում քննարկվեց հոկտեմբերի 20-24-ին կայանալիք «Կրթության որակի շաբաթ» համաժողովների շարքը, որի շրջանակներում ՈԱԱԿ-ն արդեն երկրորդ անգամ մեկ հարկի տակ կմիավորի կրթության ոլորտի հայաստանյան և միջազգային առաջատար մասնագետներին:
Քննարկվեցին նաև ՈԱԱԿ-ի կառուցվածքը, իրավասությունները, ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտը:
PL4SD-ն եռամյա ծրագիր է (մեկնարկել է 2012-ին), որը ֆինանսավորվում է ԵԽ «Ցկյանս ուսումնառության» ծրագրի շրջանակներում: Նպատակն է, տարբեր երկրների փորձն ուսումնասիրելով և արդյունքները մեկտեղելով, կրթական քաղաքականություն մշակողներին և իրականացնողներին ռեսուրսներ տալ`եվրոպական բարձրագույն կրթական տարածքում կրթության սոցիալական ուղղվածությունն ապահովելու համար: