Նոյեմբերի 8-ին Բրյուսելում տեղի է ունեցել Եվրոպական համալսարանների ցանցերի որակի ապահովմանը նվիրված համաժողով Էրազմուս+ IMINQA ծրագրի շրջանակներում: Համակազմակերպիչներն էին Ֆլամանդական կրթության նախարարությունը, Եվրոպական բարձրագույն կրթության որակի ապահովման ասոցիացիան (ENQA) և Եվրոպական որակի ապահովման ռեգիստրը(EQAR):
ENQA-ի հրավերով համաժողովին մասնակցել է նաև ՈԱԱԿ-ն ի դեմս տնօրեն, ENQA խորհրդի անդամ Ռուբեն Թոփչյանի։ Նշենք՝ ՈԱԱԿ-ը շվեդական Բարձրագույն կրթության հավատարմագրման կառույցի հետ (UKÄ) EUniq ծրագրի շրջանակներում ավելի վաղ համակարգել է UNITE 9 տեխնոլոգիական համալսարանների ցանցի արտաքին գնահատման գործընթացը։ Այս համաժողովը հնարավորություն էր այդ փորձով կիսվելու և այն ծառայեցնելու համալսարանների ցանցերի հավատարմագրման գործընթացի բարելավմանը։
Համաժողովի ընթացքում Եվրոպական համալսարանների ցանցերի ներկայացուցիչները, կրթության նախարարությունների և որակի ապահովման գործակալությունների անդամները քննարկել են բարձրագույն կրթության որակի ապահովման ոլորտում առկա առաջընթացը և ապագայի հնարավորությունները։ Հատուկ ուշադրություն է դարձվել համատեղ կրթական ծրագրերի իրականացման նպատակով ձևավորված Եվրոպական համալսարանների ցանցերի հավատարմագրման գործընթացներին, առկա մարտահրավերներին և հավատարմագրման արդյունքների ճանաչմանը: Քննարկվել են օրենսդրական բարեփոխումների հնարավորությունները, ինչը հնարավոր կդարձնի ընդհանուր հավատարմագրման արդյունքների ճանաչումը ցանցում ներգրավված բոլոր երկրներում։
IMINQA-ն (Որակի ապահովման իրականացում և նորարարություն՝ գործընկերային ուսուցման միջոցով) ծրագիր է, որն ուղղված է եվրոպական բարձրագույն կրթության տարածքում որակի ապահովման նորարարական մոտեցումների ներդրմանը և երկրների միջև փորձի փոխանակման խթանմանը՝ նպատակ ունենալով բարելավել որակի ապահովման գործընթացները։