Եվրասիա միջազգային համալսարանին շնորհվեց ինստիտուցիոնալ հավատարմագրում 4 տարի ժամկետով։ Այսօր տեղի ունեցած նիստում նման որոշում կայացրեց Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) Հավատարմագրման հանձնաժողովը։
Մինչ որոշման կայացումը, բուհում փորձաքննություն իրականացրած փորձագիտական խմբի ղեկավար Քրիստինե Սողիկյանը ամփոփ ներկայացրեց փորձաքննության արդյունքները, բուհի ուժեղ և թույլ կողմերը։ Ընդգծվեց, թե որքանով է բուհն իրագործել նախորդ հավատարմագրման ժամանակ հաստատված բարելավման պլանը և ինչ արդյունքներ են տեղում արձանագրվել։ Անդրադարձ կատարվեց նաև բուհի բարելավման նոր ծրագրի իրատեսականությանը, որն իրագործվելու է մինչև հաջորդ հավատարմագրումն ընկած ժամանակահատվածում։
Հավատարմագրման հանձնաժողովի անդամները հարցեր ուղղեցին փորձագիտական խմբի ղեկավարին և բուհի ներկայացուցիչներին, որին հաջորդեց դռնփակ քննարկումը և քվեարկությունը։
Նշենք, որ 2015թ․ Եվրասիա միջազգային համալսարանը 2 տարով պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագրում էր ստացել։